Մտահոգիչ պատկեր. Հայաստանի բյուջեի դեֆիցիտը կազմում է 150 մլրդ դրամ
Տնտեսություն
Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագորղների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի կարողանան ապահովել երկարաժամկետ կայուն տնտեսական աճ և դրա համար պետք չէ խուսափել ներքին պարտքի աճից:
«Ներքին պարտքն ամեն դեպքում աճելու է այն մասով, որ ունենք դեֆիցիտային բյուջե և առաջիկա տարիներին էլ ունենալու ենք դեֆիցիտային բյուջե: Եթե համեմատենք ներքին և արտաքին պարտքերը, ապա ներքին պարտքն ավելի լավ է, որովհետև դա քո ռեզիդենտների ձեռքում է կենտրոնացած և մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ ավելի լավ է, որովհետև գումարները քո տնտեսությունից դուրս չեն հոսում, քո ռեզիդենտների մոտ են կուտակվում: Բայց ամեն դեպքում, եթե մենք ունենք դեֆիցիտային բյուջե, մեր պարտքը պետք է աճի»,-ասաց Վարդան Արամյանը:
Վարդան Արամյանը նշեց, որ 2017թ.-ին Հայաստանի բյուջեի դեֆիցիտը կազմում է 150 մլրդ դրամ, որի շուրջ 42 միլիարդը, ներքին պարտքի թողարկման միջոցով, պետք է մարվի:
Վարդան Արամյանը նշեց, որ ֆինասնական շուկայի կայունացման համար Հայաստանն անցնում է պարտատոմսերի թողարկմանը, և մինչև ապրիլի վերջ պարտատոմսերը կթողարկվեն:
ԼՈւՐԵՐ.com-ը Վարդան Արամյանից հետաքրքրվեց նաև Հայաստանում ստեղծված ներդրողների ակումբի խոստացած ներդրումների ռեալության մասին: Նախարարը նշեց, որ Հայաստանը Ռուսաստանի համար փոքր տնտեսություն է և այնտեղից մեր երկիր եկող գումարները շատ կարևոր են՝ վստահեցնելով, որ ՌԴ-ից մեր երկիր մուտք գործող ներդրումները ռեալ են. «Ներդրողները երկու կարևոր բանի են ուշադիր լինում՝ ռիսկին և վերադարձելիությանը: Մենք մշտապես նշել ենք՝ Հայաստանը կարող է ծառայել որպես հարթակ, որպեսզի կապի ԵԱՏՄ երկրները Հարավային միջանցքի երկրների հետ և, միևնույն ժամանակ, քանի որ մենք ունենք GSP+ համակարգ Եվրամիության հետ, որն արդեն գայթակղիչ է»,- ասաց նախարարը:
Աղավնի Սուքիասյան
