Կասկածող լիներ...
ՎերլուծականԳաղտնիք չենք լինի բացահայտած, եթե ասենք, որ Հայաստանում շատերի կողմից խորհրդարանական գործունեությունը շարունակաբար դիտարկվել է՝ բիզնես դաշտում սեփական նեդրումները պաշտպանելու միջոց: Արդյունքում՝ ԱԺ-ում քիչ չեն այնպիսի դեմքերն, ովքեր ոչ միայն ոչ մի կերպ չեն ասոցացվում օրենսդրական գործունեության հետ, այլև առհասարակ հեռու են քաղաքական գործչի կերպարից ու անընկալելի հասարակության կողմից:
Հակոբ Հակոբյանը՝ «Կիլիկիայի Հակոբը», խոսելով իր պատգամավորական գործունեության մասին, հայտարարել է, թե Հայաստանում որևէ մեկի պատգամավորական մանդատը չի կարող նրա բիզնեսը պաշտպանել, և որ ինքը չէր գնացել խորհրդարան՝ սեփական բիզնեսները պաշտպանելու համար:
Նախ՝ ակնհայտ է, որ Հակոբյանը նման համարձակ հայտարարությամբ չափազանց իդեալական գույներով է փորձում ներկայացնել այն իրականությունը, որում մենք ապրում ենք: Երկրորդ՝ Հակոբյանի հայտարարությունից մի շատ բնական հարց է առաջ գալիս՝ եթե Ազգային ժողովի պատգամավոր դառնալիս կոնկրետ անձնական նպատակներ չի հետապնդել, նպատակ չի ունեցել՝ սեփական բիզնեսների համար առավել նպաստավոր մթնոլորտ ապահովելու, ապա որն է եղել առհասարակ Հակոբյանի պատգամավոր դառնալու իմաստը մի պարագայում, երբ նա Աժ-ում իր երկարամյա գործունեության ընթացքում գործնականում ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, ակտիվ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, բավարարվել է բացառապես կոճակ սեղմողի դերով:
Ցավոք, հայաստանյան ռեալներն այնպիսին են, որ շատերի կողմից պատգամավոր լինելու ու թաղային հեղինակություն լինելու միջև տարբերությունը գործնականում չի գիտակցվում, ու պատգամավոր լինելը համարվում է ոչ թե ժողովրդին ծառայելու բացառիկ ուղի ու ձև, այլ՝ անձնական խնդիրներ լուծելու փայլուն հնարավորություն. մեկը բիզնեսն է ծաղկացնում, մյուսը սրան-նրան «կռիշ» կանգնում, երրորդն էլ՝ վոյաժների մեկնում աշխարհի տարբեր երկրներ: Մի խոսքով՝ ոչ թե կյանք, այլ կարկանդակ...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ