Զարուհի Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանին թույլ չի տա սխալ քայլ անել
Քաղաքական«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այսօր ամփոփելով քարոզարշավը, նշեց, որ այս ընթացքում հասցրել են փաստել, որ ՀՀԿ-ն շարունակում է ուսուցչանոցում ժողովներ անել և մարդկանց հավաքագրել՝ հետագայում այդ ուռճացված ցուցակներն ի նպաստ իրենց օգտագործելու համար. «Մեզ, սակայն, դա չի վախեցնում, քանի որ մարդիկ գաղտնի են քվեարկում և նրանք պետք է իրենց վրեժը լուծեն այն մարդկանցից, ովքեր ստիպել են իրենց՝ դառնալ կաշառքի սպասող: Սա մահապատժի պես բան է և քաղաքացին իր վրեժը պետք է լուծի»:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ինչպես է վերաբերվում Ելք դաշինքի նոր առաջարկությանը, ըստ որի՝ իրենք քաղաքացուն ընտրակաշառքից հրաժարվելու դեպքում կտրամադրեն 15 հազար դրամ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ընտարակաշառքի դեմ պայքարելու համար մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն դատապարտելի արարք է և ես դա դատապարտում եմ: Ո՞րն է տարբերությունը. նա էլ էր կաշառք, սա էլ է կաշառք: Սա դատապարտման ենթակա քայլ է և ես թույլ չեմ տա, որ նման քայլի դիմեն, քաղաքի բյուջեն այդպես ծախսեն մարդիկ, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում»:
Մեր դիտարկմանն՝ արդյոք ԵԼՔ դաշինքի այս քայլը չի՞ գալիս լեգիտիմացնելու ընտրակաշառք եզրույթը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Իհա՛րկե լեգիտիմացնում են: ԵԼՔ դաշինքը ձախողեց իր գործը և նման քայլի դիմելով՝ փաստորեն այդ պարտությունը փաստեցին: Փոխարենն աշխատատեղ ստեղծեն և քաղաքացու համար ստեղծեն սոցիալապես ապահով Հայաստան, կաշառք են առաջարկում: Կաշառք տալը ճիշտ ճանապարհ չէ և ԵԼՔ-ը կրկնում է «Հանրապետական» կուսակցությանը»:
Զարուհի Փոստանջյանը նաև հավելեց, որ ինքն անձնապես ճանաչում է ԵԼՔ դաշինքի կազմում ընդգրկված ավագանու թեկնածուներից շատերին և քաղաքապետարանում հայտնվելու դեպքում նրանց հետ կարող է համագործակցել:
Աղավնի Սուքիասյան