Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրճատումներ են սպասվում
ՀասարակությունԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացիկ աշխատանքային գործընթացը բարելավելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով թատրոնի վարչական կազմում որոշակի կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել: Այս մասին տեղեկացրին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից:
«Նախկին աշխատակիցներից ոմանք, հասկանալի պատճառներով, օպտիմալացման արդյունքում այլևս չեն աշխատելու թատրոնում: Իհարկե, բարձր գնահատելով թատրոնի գործունեությանն իրենց աշխատանքային մասնակցությունը ցուցաբերած բոլոր գործընկերների վաստակը, պետք է փաստենք, որ թատրոնի գործունեության նոր կառուցվածքն այլևս չի նախատեսում նրանցից շատերի մասնակցությունը հետագա աշխատանքներում: Փաստ է, որ խորհրդային տարիներից մեզ հասած որոշ աշխատանքային մեխանիզմներ այլևս կիրառելի չեն և մշակութային կառույցների կառավարման ժամանակակից մոդելն այլ պահանջներ է ներկայացնում, որոնցով պարտավոր ենք առաջնորդվել` ի նպաստ օպերայի և բալետի թատրոնի հետագա զարգացման»-ասված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: