Ալավերդիում տեղի ունեցած սպանությունը խորը արմատներ ունի. մանրամասներ (լուսանկարներ)
ԻրավունքՍպանության դեպք է գրնացվել Ալավերդի քաղաքում: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից:
«Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում մի քաղաքացի կրակոցներ է արձակել և սպանել 1978-ին ծնված Կ.Փ.-ին: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններն անմիջապես վնասազերծել և բերման են ենթարկել կրակոցներ արձակած անձին»,- փոխանցեցին ոստիկանությունից:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ սպանվածի եղբայրը 2016 թվականին 2 մարդու էր սպանել և դիմել փախուստի։ Իսկ սպանությունը տեղի է ունեցել Ալավերդի քաղաքի «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, արդեն բերման ենթարկվածը կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի վրա։
Ըստ ArmLur.am-ի՝ սպանվածը նախկինում ևս հայտնվել է աղմկալի պատմությունների կիզակետում: Կայքի տվյալներով երկու տարի առաջ՝ մայիսի 19-ի գիշերը ժամը 4:30-ի սահմաններում, Կամո Փիրուզյանի եղբոր՝ Վարդանի հրազենային կրակոցներից սպանվել էր Վարդան Ավագյանը, իսկ Էդուարդ Պողոսյանը ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն վիրահատությունից հետո մահացել էր հիվանդանոցում: Իրավապահներն այդ ժամանակ սպանությունները կանխավ որակել են հետընտրական «ռազբորկայի» հետևանք:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ի ընտրություններին Ալավերդու քաղաքապետի պաշտոնի համար մրցակցել են Հանրապետական կուսակցության թեկնածու Կարեն Փարեմուզյանը և անկուսակցական Արթուր Աբգարյանը: Վարդան Փիրուզյանը հունիսի 7-ի ընտրություններին աշխատել է Արթուր Աբգարյանի շտաբում: Նա քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի մանկության ընկերն է: Կարեն Փարեմուզյանի նախընտրական աշխատանքներում Հանրապետական կուսակցության կողմից ընդգրկվել է ալավերդցի Վահագ Աբգարյանը:
Մայիսի 19-ին Զորավար Անդրանիկի 22 շենքի բակում Վարդան Փիրուզյանի կրակոցներից սպանված Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանը Ալավերդիում հայտնի են որպես Վահագ Աբգարյանի թիկնապահներ: Փորձեցինք Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանից պարզել, թե վերջինս ինչ գիտի այսօր տեղի ունեցած միջադեպի մասին: Սակայն նա տրամադրված չէր մեզ հետ զրուցելու, նշեց, թե այդ մարդկանց չի ճանաչում, իսկ մեր հարցերին էլ չպատասխանեց:
Լուսանկարաները՝ shamshyan.com