Նախարարը չի պատասխանում անգամ ՄԻՊ-ին. ինտերնատի հարցն օրակարգում է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մամուլում եւ սոցցանցերում բուռն քննարկումների ալիք էր բարձրացել՝ թիվ 1 տուն-ինտերնատում տիրող սարսափելի իրավիճակի պատճառով։ ԵԼՔ դաշինքի անդամ Գևորգ Գորգիսյանն այցելել է տուն-ինտերնատ և անձամբ արձանագրել մի շարք խախտումներ։
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Մարիամ Բարսեղյանը նշեց, որ այս տուն-ինտերնատում տիրող իրավիճակն իրենց համար նորություն չէ և տևական ժամանակ է՝ գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում. «Թիվ 1 տուն-ինտերնատի հարցով մենք զբաղվում ենք շատ վաղուց: Բազմաթիվ այցելություններ ենք իրականացրել, իրավիճակի արձանագրումներ ենք արել:
Երկու շաբաթ առաջ ևս այցելել ենք, արձանագրել ենք խախտումները և ներկայացրել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Երեկ էլ տուն-ինտերնատում առկա խնդիրներին վերաբերող մի շարք առաջարկություններ ենք ներկայացրել նախարարություն»,- ասաց նա:
ՄԻՊ-ի մամուլի խոսնակը նշեց, որ դեռևս ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից որևէ արձագանք չեն ստացել:
Սոնա Հարությունյան