Ինչ է կատարվել գիշերն Արթիկում և քանի ընտանիք է տարհանվել. փլուզված շենքի հետքերով
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս գիշեր Արթիկ քաղաքում բնակելի շենք է վթարվել, շենքը վերից վար ամբողջությամբ ճաքել է, տեղի է ունեցել քարաթափում: Շենքի բնակիչներին շատ արագ տարհանել են:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ՝ պարզելու, թե արդյոք որևէ միջոցառում մինչ այս ձեռնարկվե՞լ էր անմխիթար վիճակում գտնվող շենքի խնդիրը լուծելու համար:
«Մենք ունենք վթարային շենքերի ցուցակ, որտեղ փլուզված շենքը ընդգրկված չի եղել: Մինչ այս չենք նկատել, որ վատ վիճակում է»,- ասաց նա:
Ինչպե՞ս կարող է շենքը խնդիր չունենա և միանգամից փլվի հարցին ի պատասխան՝ քաղաքապետն ասաց.
«Միանգամից չի եղել, երկու անգամից է եղել: Ժամանակին երկրաշարժ տեսած շենք է, այդ ժամանակ խարխլվել է, մեկ ամիս առաջ էլ ցնցումներ եղան, որոնց պատճառով ավելի խարխլվեց, սրան հետևեցին պարբերաբար տեղացող անձրևները: Այս ամենի արդյունքում սկսվեց փլուզման գործընթացը»:
Վարագյանը նշեց, որ մինչ այս համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել, քանի որ շենքի հարցով իրեն ոչ ոք չի դիմել. «Ես մոտ վեց ամիս է, ինչ ընտրվել եմ, նախկինում դիմել են, թե ոչ՝ տեղյակ չեմ: Ես իրադրությունը տեսնելով և բնակիչների հետ զրուցելիս եմ այդ ամենը իմացել»:
Կառավարության նիստի ժամանակ ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանն ասաց՝ գիշերը շենքի բոլոր բնակիչները տարհանվել են, և թեև իրենք վստահեցրել են, որ վտանգը պահպանվում է, սակայն առավոտյան 4 ընտանիքի անդամներ՝ թվով 11 մարդ, վերադարձել են իրենց բնակարանները:
Մեզ հետ զրույցում Վարագյանը ևս նշեց, որ շենքի վթարված հատվածից 4 ընտանիք է դուրս բերվել և այժմ համապատասխան քայլեր են ձեռնարկում այդ ընտանիքներին ժամանակավոր բնակեցնելու համար:
Վարագյանն ասաց՝ վարչապետի հանձնարարությամբ Արթիկ քաղաքում հանձնաժողով է կազմվել, այս պահին ուսումնասիրություններ են կատարվում, որից հետո պարզ կլինի՝ ինչ միջոցառումներ կձեռնարկվեն:
Նա ընդգծեց, որ քաղաքապետարանն իր բույջեում գումար չունի այդ հարցերը լուծելու համար: Իսկ կառավարությունը, որը գումարներ պետք է հատկացներ համայանքներին, դեռևս չի տվել, բայց քաղաքապետի խոսքով՝ նման խոսակցություններ կան:
Սոնա Հարությունյան
