«Սասնա Ծռեր»-ի գործով նիստը ընդմիջվեց. ամբաստանյալներից մեկի ինքնազգացողությունը վատացել է
ԻրավունքԵրևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 12-ին, «Սասնա ծռեր»-ի գործով 14 մեղադրյալի մասով դատական նիստը դեռ չմեկնարկած` ընդմիջվեց:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը վատացել է և շտապօգնություն են կանչել:
Նշենք, որ ընդմիջում հայտարարելու պահին ամբաստանյալները դատական նիստերի դահլիճ չէին բերվել:
Ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատավորից հետաքրքրվեց՝ որտե՞ղ է իր պաշտպանյալը և ինչո՞ւ ներկա չէ նիստերի դահլիճում. «Արայիկ Խանդոյանի նկատմամբ կիրառված սանցիայի ժամկետը չի լրացել և այդ պատճառով նա չի ներկայացել նիստի»,- նշեց դատավորը։
Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային գնդի (ՊՊԾ) տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռերի» այդ դատավարության 14 անդամները կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին, շտապ բուժօգնության աշխատակիցներին, գույք են ոչնչացրել: