Մայրը չամուսնացած աղջկա նորածնին նետել է զուգարանը
ՀասարակությունԵրկու օր առաջ ծննդատուն բուժօգնության է դիմել Տավուշի մարզի Նորաշեն գյուղից մի կին, որը հղիության 36-37 շաբաթականում ծննդաբերել է տանը և պտուղն իր հետ չի տարել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին Բերդի բժշկական կենտրոնից:
Մեզ հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ հաղորդում են ստացել սեպտեմբերի 27-ին, ժամը 05:10-ին. «Մեկնած օպերատիվ խումբը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել է, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, կինն իրենց առանձնատան պատշգամբում ծննդաբերել է, որից հետո նրա մայրը պտուղը գցել է առանձնատանը կից կառուցված զուգարանը», - ասացին ոստիկանությունից՝ նշելով, որ նշանակվել է համապատասխան փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
«Ընտանիքը բազմանդամ է: Ապրում են հայրը, մայրը, եղբայրը, փոքր քույրը և ինքը: Սոցիալապես այդքան էլ լավ վիճակում չեն: Ինքը մոտ 30 տարեկան կին է, սակայն ամուսնացած չէ: Ունի թերի կրթություն»,-մեզ հետ զրույցում նշեց Նորաշենի համայնքապետ Գոռ Աբրահամյանը:
Սոնա Հարությունյան