Ատոմակայանը կփակվի՞
ՀայաստանՀայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրվելիք «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» պարունակում է մի դրույթ, որով նաև նախատեսված է ժամանակի ընթացքում շահագործումից հանել Հայկական ատոմային էլեկտրակայանը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր անդրադառնալով այդ դրույթին և հայկական ատոմակայանը շահագործումից դուրս հանելու հնարավոր վտանգավոր հետևանքներին, նշեց, որ քննարկման է դրվել ատոմակայանը հնարավոր այլ ժամանակակից էլեկտրաէներգիա արտադրող տեխնիկական միջոցներով փոխարինելու հարցը. «Ռուսական լրատվամիջոցներից մեկի հայտարարությունը, թե եվրոպացիները հայկական ատոմակայանը փակելու են, չեմ ցանկանում մեկնաբանել: Նշեմ, որ մեր երկրում հնարավոր զարգացման 2 սցենար կա, ըստ որոնց, էներգետիկայի ոլորտում ունենք երկու մոտեցում. առաջինը` փորձելու ենք երկրում էներգակիրների գինը նվազեցնել, երկրորդը` նվազեցնել հոսանքի գինը»,-պնդեց նախարարը:
Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ շատ գործոններ են հաշվի առնվում և այստեղ կարևոր է խոսել ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի գնի և նոր ատոմակայանի ստեղծման ծախսերի մասին, ինչը էականորեն թանկ է. «Մենք պլանավորում ենք էներգետիկ ոլորտի զարգացում` ելնելով երկրի հիմնական ռազմավարական նպատակներից: Սա քաղաքական որևէ ազդեցության ենթակա չէ, այլ էներգակիրների շուկայում առկա իրավիճակով է պայմանավորված, գներով, սպառմամբ և ժամանակակից տեխնոլոգիաներով»,-ասաց նա` հավելելով, որ մենք նոր ատոմակայան կունենանք, եթե գնային առումով և հոսանքի սակագնային առումով լինի արդյունավետ:
Դիտարկմանը, որ ատոմակայանի փակումը կարող է հանգեցնել նրան, որ հակառակորդ երկիրը կարող է ռազմական ոտնձգությունների դիմել, նախարարը պատասխանեց, որ դա կլինի տեռոր՝ մեր և ողջ աշխարհի նկատմամբ, ինչի հավանականությանն ինքն այդքան էլ չի հավատում:
Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ նման խոշոր ծրագրերում խոսքը տնտեսական արդյունավետության մասին է, որովհետև սպառողն է իր գրպանից վճարում այդ գինը:
«Որևէ ոչ թափանցիկ գործիք, որը պայմանավորված է քաղաքական գործընթացներով, անընդունելի է»,– նշեց նա:
Նախարարը համաձայնեց, որ ատոմակայանը տալիս է ամենաէժան էլեկտրաէներգիան, եթե կա արդեն կառուցված ատոմակայան, սակայն երբ հաշվարկվում են ներդրումները, այլ պատկեր է ստացվում։ Այն ամենևին այնքան էժան չի լինելու, որքան այսօրվա ատոմակայանի արտադրանքը:
Ինչ վերաբերում է նրան, որ ատոմակայան ունենալը տալիս է անկախություն` նախարարն ասաց. «Մենք չունենք հումքի արտադրություն և որոշակի կախվածության մեջ ենք հումք արտադրողներից, դրա համար՝ փորձում ենք բոլոր տարրերը հաշվի առնել»: