Ուսանողների խումբը համաձայնության չի եկել վարչապետի հետ
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 9-ին, տարկետման վերացման դեմ բողոքող և դասադուլ հայտարարած ուսանողների 5 ներկայացուցիչներին ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նշենք, որ դասադուլավորներն առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նրանք պահանջում էին նաև ուղիղ եթեր ապահովել: Ուսանողների հետ հանդիպման դուրս եկած վարչապետի օգնական Արամ Վարդևանյանը նշեց, որ ԶԼՄ-ները ներկա չեն կարող լինել, սակայն խոստացավ, որ ամբողջ հանդիպումը կտեսագրվի և կհրապարակվի կառավարության կայքում՝ հանդիպումից առավելագունը երկու ժամ անց:
Հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ուսանողների խումբը համաձայնության չի եկել վարչապետի հետ. նրանք հայտարարեցին, որ վաղը 9:30-ից շարունակելու են բողոքի ակցիան:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամներից՝ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ վարչապետին են ներկայացրել օրենքում մի շարք հակասող կետեր: Սակայն վարչապետն ասել է, որ առանձնացնեն այն հայտանիշները, որոնց հետ համաձայն չեն և օրենքն ընդունելուց հետո անպայման կքննարկեն դրանք:
Նշենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը: Ըստ այդ օրենքի՝ տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ 3 տարի, բայց որպես սպա:
Սոնա Հարությունյան