Ժողովրդին ատողներից մեկն էլ ես եմ. ՀՀԿ-ական պատգամավոր
ՔաղաքականԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն իրեն համարում է ժողովրդին ատողներից մեկը. «Հարգելի գործընկերներ, երեկվա ելույթներից ես հասկացա, որ կան ժողովրդին շատ սիրողներ և կան ժողովրդին ատողներ: ժողովրդին ատողներից մեկն էլ ես եմ»,-այսօր ԱԺ-ում 2018 թ բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Հակոբյանը: Սակայն սա ՀՀԿ-ական պատգամավորի միակ բացահայտումը չէր: Վերջինս շարունակեց իր ելույթը՝ նշելով. «Իմ գործընկերներն այստեղ նշեցին, որ թոշակները չեն բարձրացել, նպաստները չեն բարձրացել, նվազագույն աշխատավարձը չի բարձրացել: Այո՛, դա էդպես է, բայց դա ցուցիչ չէ: Միջազգային կազմակերպությունները չեն վերլուծում աշխատավարձը բա՞րձր է, թե՝ ոչ: Նրանք վեր են լուծում՝ ինչքա՞ն է աղքատությունը: Մեր երկրում աղքատությունը կազմում է 30 տոկոս, և մեզ այսօր դրա հաղթահարման համար պետք է 120 միլիարդ փող, որը մենք պետք է հասցնենք այդ աղքատ շերտին, որպեսզի աղքատությունը վերանա»,-ասաց պատգամավորը:
Վերջինս, սակայն, նշեց, որ, ըստ տարբեր հաշվարկների, Հայաստան մտնում է տարեկան 500 միլիարդ դրամ և հարց է առաջանում, այդ ինչո՞ւ այդ 30 տոկոսանոց աղքատությունը չի վերանում:
Ու հենց այստեղ է, որ ՀՀԿ-ական պատգամավորն անում է երկրորդ կարևոր բացահայտումը՝ գործընկեր պատգամավորներին նեկայացնելով աղքատության պատճառները. «Պատճառը պետական կառուցվածքի ոչ ճիշտ ինֆորմացիոն համակարգն է, ոչ ճիշտ կառուցվածքը: Սա համար մեկ խնդիրն է: Դրա համար՝ ցավալի է, այո՛, որ կրճատվում է աշխատատեղ: Բայց էդ ու՞մ գումարի հաշվին պետք է 50 աշխատողի փոխարեն 55 աշխատող այդ գործն անի: Էդ ո՞ւմ գումարի հաշվին պետք է աշխատեն, հետևաբար, ինչքան քիչ աշխատող՝ այնքան լավ»,-ասաց Հակոբ Հակոբյանը՝ ներկաներին հիշեցնելով, որ տնտեսական աճը երևում է ոչ թե հասարակ ժողովրդի կաշվի, այլ՝ ՀՀ բարելավված ճանապարհների վրա:
Ըստ էության, սա էլ կարելի է համարել Հակոբյանի հերթական բացահայտումը...