Լևոն Մկրտչյանը տպավորված է...
Գիտություն և ՄշակույթԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, Ազգային ժողովում տեղի ունեցավ տարկետման սահմանափակման դեմ հանդես եկող ուսանողների հետ կլոր սեղան-քննարկումները։ Հանդիպմանը ներկա էին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկալ Ֆելիքս Ցոլակյանը, ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, իսկ նիստը վարում էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Քննարկման ժամանակ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում ընդգծեց, որ կառավարությունը պատրաստակամ է լսել բողոքող ուսանողների դիրքորոշումը:
«Այս խնդիրն արհեստական է, քանի որ հակասություն չկա բանակային ծառայության և գիտության զարգացման միջև: Եթե խոսքն անընդհատության մասին է, ապա Արցախյան շարժման ժամանակ հիմնական շարժիչ ուժը գիտնականներն էին, ովքեր թողեցին իրենց գրիչը և գնացին ծառայելու: Սկզբունքի խնդիր է, իսկ այն հետևյալն է, որ 18 տարին լրացած ցանկացած անձ պետք է կատարի իր պարտականությունը հայրենիքի հանդեպ: Այս սկզբունքը ընդունելի սկզբունք է և քննարկման ենթակա չէ», - ասաց Մկրտչյանը՝ ավելացնելով, որ ծառայությունը ոչ մի կերպ չի ազդում նրանց՝ կրթություն ստանալու իրավունքի վրա, քանի որ ուսումը շարունակել կարող են նաև բանակից հետո:
Նախարարը նշեց՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին՝ անցնելու բակալավրիատի կրթություն, հետո շարունակել ուսումը. «Նույն ձևով կարելի է առաջարկել, որ բակալավրիատն ավարտելուց հետո գնան սպայական աշխատանքի, այդ մեկ տարվա ընթացքում մասնագիտական իրենց որակները չեն կորցնի և կզբաղվեն իրենց մասնագիտությամբ: Հատկապես պետք է հասկանալ, թե որ մասնագիտական ուղղություններն են, որ անընդհատության խնդիր ունեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՊՆ-ի հետ հենց այդ խնդիրը պետք է լուծեն:
Մկրտչյանը նշեց, որ խնդիրը երկու տարվա է, և երբ գա պարտադիր զինապարտություն անցնելու սերունդի հերթը, անընդհատությունը չի խախտվելու, որովհետև գնալու են ծառայեն և գան՝ սովորեն:
Քննարկման ավարտին Մկրտչյանը ողջունեց ուսանողների հատկապես այն միտքը, որ իրենց խնդիրը քաղաքական չէ. «Ես տպավորված եմ, որ նրանք անձնական խնդիր չունեն: Իսկապես պատրաստակամություն կա հասկանալու, հարցը լուծելու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 15-ին երկրորդ և վերջին ընթերցմամբ, ընդունել է «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Դեմ է քվեարկել միայն «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը: