Ում մոտ գնում ենք, ասում են՝ իրենց ուժերից վեր է. արծվաշենցիները տների փոխհատուցում են պահանջում
ՀասարակությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Արծվաշենից տեղահանված բնակիչները ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով դեռևս Ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տների փոխհատուցում:
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցները պատմեցին, որ տարիներ շարունակ բարձրաձայնում են իրենց խնդրի մասին, բայց ապարդյուն:
Նշենք, որ Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանը մարզպետի և մի քանի գյուղացիների հետ այս պահին հանդիպում է ունենում Դավիթ Լոքյանի հետ:
«Ում մոտ գնում ենք, ասում են՝ իրենց ուժերից վեր է: Պարոն Դավիթ Լոքյանը, Վաչե Տերտերյանը ընդունել են մեր գյուղացիներին: Չնայած տեղյակ են մեր խնդրին, բայց՝ ի՞նչ օգուտ»,- ասացին նրանք:
Նրանց խոսքով՝ իրենց տների համար նախատեսված է եղել 6 միլիարդ գումար, որից 708 միլիոնը տվել են 2012 թ.-ին ու դրանից հետո ոչ մի բան չեն տվել. «Ժողովուրդը տների փոխհատուցում է պահանջում: Ասել էին տներ են սարքելու մեզ համար 70 քառակուսու վրա, բայց դա ի՞նչ է գյուղացու համար, մի խոհանոցի չափ տուն է լինելու, իսկ գյուղացիների տները, ինչպես գիտեք՝ մեծ են լինում: Եթե պետությունը չի կարողանում փոխհատուցում տալ, թող գոնե այդ 6 միլիարդի մի մասը ժողովրդին տրամադրեն, մենք մեր ուժերով տներ կսարքենք. բոլորս էլ շինարար ենք: Բոլորն էլ տներ ուներ, բայց մոլոկանի 2-3-րդ դարի տներ են, թող գումար տրամադրեն՝ մենք մեր տները կվերանորոգենք առանց իրենց օգնության»,- նշեցին արծվաշենցիները՝ մտահոգութոյւն հայտնելով, որ արդեն 25 տարի պահանջ են ներկայացնում, բայց որևէ դրական պատասխան չեն ստանում:
Հիշեցնենք, որ դեռեւս 1993-1998 թվականներին արծվաշենցիներին օգնելու համար ՀՀ կառավարությունը 447 ընտանիքների արտոնյալ երկարաժամկետ վարկեր տրամադրեց բնակելի տների գնման կամ վերանորոգման համար: 447 ընտանիքներից 381-ն այդ վարկերով ձեռք էին բերել մոլոկանների` 20-րդ դարասկզբում կառուցված և արդեն քարուքանդ եղած և վերանորոգման կարիք ունեցող փայտա-կավաշեն տները: Հետագայում, համապատասխան ուսումնասիրություններից հետո, պարզվեց, որ 500 տներ վթարային են և յուրաքանչյուր րոպե կարող են փլուզվել:
2010 թվականի վերջին գործադիրը հավանության էր արժանացրել երեք տարի իր սեղանին դրած «Ռազմական գործողությունների հետևանքով 1992-ի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հայեցակարգը»: Մոտավոր հաշվարկներով` այդ ծրագիրն իրագործելու համար հարկավոր էր 8 մլրդ դրամ (մոտ 22 մլն դոլար), որպեսզի լուծվեր 633 ընտանիքների տների հարցը: Խոստացվել էր նաև, որ այդ տարի 300 ընտանիք կստանա առաջին գումարները: Սակայն, ինչպես հետո պարզվեց, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հավանության արժանացած հայեցակարգը փորձում է վերանայել, քանի որ վերը նշված գերատեսչությունը ևս մեկ անգամ ցանկանում է իր համար պարզել այդ ընտանիքների կողմից զբաղեցրած տների և շինությունների վթարայնության աստիճանը:
Սոնա Հարությունյան