Տղաները թեժացնում են մթնոլորտը. նորից հացադուլ
Հասարակություն«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը վերսկսում է պայքարը: Այս մասին շարժման առաջնորդները հայտնել են ֆեյսբուքյան իրենց էջում.
Ըստ շարժման առաջնորդ Դավիթ Պետրոսյանի՝ Պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով իր դիրքորոշմանը, չի ընդունում գիտության ոլորտի վրա տարկետման իրավունքի սահմանափակման ունեցած ծանր ազդեցության շուրջ դատողությունները, և տարկետման իրավունքի կարևորությունը գիտության ճանապարհն ընտրած երիտասարդների համար։
«Ռազմարդյունքաբերական համալիրի շրջանակներում պատրաստ են օգտագործելու միայն բնագիտական ոլորտի ուսանողների հմտությունները՝ հումանիտար գիտությունների դեպքում անտեսելով գիտության շարունակականության խնդիրը։ Բնագիտական ուսանողների դեպքում էլ մինչև այժմ չի նշվում, թե որքան ուսանող հնարավորություն կունենա օգտվելու տարկետման իրավունքից»,- հայտնում է Պետրոսյանը։
Զինապարտության և զինվորական ծառայության նոր օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետով՝ տարկետման իրավունքը տրամադրվում է այն գիտություններով զբաղվող ուսանողներին, որոնք օգտավետ են ռազմաարդյունաբերական համալիրի տեսանկյունից, և միայն հանճարեղ ու բացառիկ ուսանողների համար․ «Մինչև այժմ չի նշվում, թե բացառիկ կամ հանճարեղ ասելով ում նկատի ունեն։ Այդ պատճառով մենք կարծում ենք, որ 5-րդ կետը ունենալու է շատ լուրջ թերություններ և 5-րդ կետը չի ծառայելու այն նպատակին, որով որ մենք կարծում ենք»,- ասվում է «Հանուն Գիտության զարգացման» հայտարարության մեջ։
Պետրոսյանը նշում է, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը այլ բանի չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումները և պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադար էր առել։
Հավելենք, որ տղաներն այսօրվանից վերսկսում են հացադուլը, և այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Կրթության և գիտության և Պաշտպանության նախարարությունները չեն լուծել տարկետման հարցը: