«Լուսավոր Հայաստան»-ը դադարեցնում է Վանաձորի ավագանու նիստերի բոյկոտը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտելու որոշումը դադարեցնելու և ավագանու նիստերին մասնակցելու մասին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արձանագրել է, որ Վանաձորի ավագանում վերացել են նախկինում գոյություն ունեցած բոյկոտի քաղաքական հիմքերը: «Այս պայմաններում լինելով մասնակցային ուժ և նպատակ ունենալով վերահսկել և հակակշռել տեղական իշխանությանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը և վերականգնում իր մասնակցությունը ավագանու նիստերին»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Կուսակցությունը նաև պնդում է, որպեսզի 2017թ. տեղի ունեցած նիստերի ընթացքում ընդունված բոլոր որոշումները հերթականությամբ ներառվեն Վանաձորի ավագանու առաջիկա նիստերի օրակարգերում։ «Որպես ընդդիմադիր խմբակցություն, «Լուսավոր Հայաստան»-ը հետևողականորեն և ամենօրյա ռեժիմով վերահսկելու է Վանաձորի ավագանու գործունեությունը և աշխատելու՝ հանուն Վանաձորի արդյունավետ կառավարման և վանաձորցու իրավունքների ու շահերի պաշտպանության»: