Ով է «Դուբայի Էդոն» և ովքեր են բողոքում նրանից
ՀասարակությունՕրերս հայկական լրատվական կայքերից մեկը հրապարակել էր անանուն նամակ ̀ ուղարկված Դուբայում ապրող հայերի կողմից: Խնդիրն այն է, որ մարդիկ բողոքում էին հայտնի «Դուբայի Էդոյից», ով, ինչպես նամակում էր ասվում, ամեն ամիս պահանջում և ստանում է գումարներ Հայաստանի հայերից:
ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց սեփական հետաքննությունն անցկացնել և հասկանալ, թե ո՞րն է իրական խնդիրը, ովքե՞ր են եղել նամակի հեղինակները, հատկապես ումի՞ց են գումար պահանջել և ստացել:
Մեզ հաջողվեց կապ հաստատել Դուբայում գործարարությամբ զբաղվող մի քանի մարդու հետ: Մեր զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ ինքը զբաղվում է ֆինանսական և իրավաբանական խորհրդատվությամբ: Լսել է «Դուբայի Էդոյի» մասին, սակայն՝ ոչ խնդրահարույց թեմայի շուրջ: Մեր զրուցակիցը պատմեց, որ ինչքանով իրեն է հայտնի՝ այդ մարդը լայն հնարավորություններ ունի և ակտիվ աշխատում է Դուբայի թե՛ պետական ապարատի, և թե՛ գործարար միջավայրի հետ, և հատկապես հայերի դեպքում՝ աշխատում է լուծել առաջացած խնդիրները:
Էլեկտրական ապրանքների առևտրով զբաղվող Արմենակ Ամիրխանյանից հարցրինք՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ իր առևտրից մասնաբաժին ուզեն կամ սպառնան վնասել Հայաստանում բնակվող իրենց հարազատներին: Մեր զրուցակիցը պնդեց, որ նման բան հնարավոր չէ: «Դուբայի Էդոն», որպես հեղինակություն վայելող մարդ, երբեմն լուծում է հայերի խնդիրները, ովքեր Դուբայում խնդիրների առաջ են կանգնում, իսկ որ հայերին նեղի՝ նման բան ինքը չի լսել ու ընդհարապես, դժվարանում է հավատալ, որ եղած էլ կլինի:
Հայ համայնքի հետ սերտ առնչություն ունեցող մի գործարար էլ ̀ Արմինե Կարապետյանը, նույնպես մեզ հետ զրույցում բացառեց, որ կարող էր նման խնդիր առաջանալ, քանի որ բացի այն, որ հայերը տվյալ երկրի օրենսդրական դաշտի շրջանակներում են աշխատում, անգամ չեն լսել այդ մարդու մասին, ուր մնաց՝ նա վնասի իրենց: