Վերջապես հայտնի է «Հարսնաքարում» բժշկին դաժան ծեծի ենթարկած անվտանգության աշխատակցի անունը
ԻրավունքԼուրեր.com-ին վերջապես հայտնի դարձավ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքարում» ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին դաժան ծեծի ենթարկած անվտանգության աշխատակցի անունը՝ Գարիկ Մարգարյան։
Իսկ մատուցողը, ում հետ էլ տեղի է ունեցել միջադեպը, Դավիթ Ադամյանն է։ Հիշեցնենք, որ միջադեպին միջամտել են անվտանգության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ Լուրեր.com-ի տեղեկություններով, հունիսի 17-ի գիշերվա 23:00-ին «Հարսնաքար» ռեստորանում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները Ռուբեն Հայրապետյանի ցուցումով ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխվել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Հոսպիտալ էր տեղափոխվել նաև մեկ այլ տուժող՝ միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը:
Նշենք նաև, որ միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանն ու զինվորական բժիշկ Արտակ Բայադյանը երեկ սպորտային համազգեստով այցելել են «Հարսնաքար» ռեստորանային համալիր, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել նրանց ներս մտնել՝ պատճաշ հագնված չլինելու պատճառաբանությամբ: Զինվորական բժիշկները չեն առարկել և հեռացել են. նրանք զգեստափոխվել են և կրկին վերադարձել: Միջադեպը տեղի է ունեցել հաշիվը բերած մատուցողի և երիտասարդների միջև, ինչին միջամտել են անվտանգության աշխատակիցները:
Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ անվտանգության աշխատակիցները միջադեպի առնչությամբ հեռախոսակապ են հաստատել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հետ, ով հրահանգել է «դաստիարակել» երիտասարդներին։ Որոշ լրատվամիջոցներով փորձ է կատարվում միջադեպը որակել իբրև ծեծկռտուք, այնինչ, ըստ մեր աղբյուրների, իրականում տուժածները միակողմանի են ենթարկվել ծեծի։