Լարված հարաբերությունների հանգուցալուծում․ Օսիկյանին կազատե՞ն
ՔաղաքականԵրեկ Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպում է ունեցել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, որի ընթացքում զեկուցել է Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին զեկուցել է նաև 2018 թվականի համար նախատեսված միջոցառումները, որոնք կապված են ոստիկանության կազմակերպաիրավական կարգավիճակի, կառուցվածքի օպտիմալացման և մի շարք այլ հիմնահարցերի հետ:
Այսօր արդեն՝ 1in.am-ը գրեց` ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ազատվել է պաշտոնից և շուտով պաշտոնապես կնշանակվի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ։
Ոստիկանությունից ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեցին, որ ոստիկանապետի տեղակալին նշանակում է բացառապես ՀՀ Նախագահը՝ հրաժարվելով հայտնել՝ արդոք ոստիկանությունում Օսիկյանի թեկնածության վերաբերյալ որևէ քննարկում եղել է, թե ոչ։
ԼՈւՐԵՐ.com-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ ինքը չունի լիազորություն՝ հայտնելու՝ Վալերի Օսիկյանը հրաժարականի դիմում ներկայացրել է, թե ոչ․ «Պարզապես կարող եմ ասել, որ պարոն Օսիկյանն այսօր եկել է աշխատանքի»։
Արդո՞ք Արթուր Օսիկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն մեր հարցին ի պատասխան՝ նախարարությունից խոստացան պատասխանել ավելի ուշ։
Նշենք, որ մամուլը բազմիցս անդրադարձլ է ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի և Արթուր Օսիկյանի միջև լարված հարաբերություններին, ուստի չի բացառվում, որ այս հրաժարականը կարելի է դիտարկել նաև այդ համատքեստում։
Հիշեցնենք նաև, որ ըստ մամուլի հրապարակումների, բավականին լարված էին նաև ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի և նրա տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի հարաբերությունները։ Ի դեպ՝ Հովհաննիսյանը համարվում է Դավիթ Հարությունյանի նախընտրելի կադրը։