Բնակիչները փակել են Նուբարաշենի խճուղին (լուսանկարներ)
Հասարակություն«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարակից 5 շենքերի բնակիչները բողոքում են գարշահոտությունից: Նրանք փակել են դեպի Նուբարաշեն քերակատարողական հիմնարկ տանող ճանապարհը: Բանն այն է, որ տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկի կոյուղին վնասված է և կոյուղաջրերը հոսում են մինչև շենքերի բակ:
«Վարչապետ Կարեն Կարապետյանն իր կաբինետում նստած՝ կոնդիցիոները միացրած՝ մաքուր օդ է շնչում: Թող վերացնեն այս գարշահոտը: Նուբարաշեն քրեակատարողական վարչության կոյուղին վնասվել է, գարշահոտությունը մենք ենք շնչում: Կոյուղաջուրը մինչև բակ հասնում է, հոտը խեղդում է մեզ: Ում դիմում ենք՝ ասում են մեր ուժերից վեր է: Բերդի ղեկավարին ասում ենք՝ ասում է իմ ուժերից վեր է, դիմում ենք վարչություն՝ ասում են բյուջե չունենք: Քրեակատարողական վարչությունը պետք է խնդիրը լուծի: Տանը նստած, դուռը չբացած՝ հոտը գալիս է: Արդեն անհնար է դարձել այստեղ ապրելը, ամռան մասին էլ չենք խոսում»,- ասում են բնակիչները:
Նրանց խոսքով՝ մի քանի տարի է՝ այս վիճակն է և ոչ ոք խնդրին լուծում չի տալիս. «Ո՞ր մի պաշտոնյան կթողնի իր երեխան էս հոտը շնչի»,- ասացին նրանք:
Ակցիային միջամտեցին ոստիկանները՝ հորդորելով բացել ճանապարհը, սակայն բնակիչները դեռեւս չեն համաձայնում ճանապարհից հեռացնել քարերը: