Ունքը շինելու տեղ աչքը չհանենք հանկարծ
ՔաղաքականԱզգային ժողովում այսօր՝ փետրվարի 16-ին, գումարվել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է միայն մեկ հարց:
Հարցի հեղինակը ԱԺ ԵԼՔ խմբակցությունն է, որը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:
Նախագիծն օրակարգ է մտել ԱԺ ԵԼՔ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների ստորագրությունների հիման վրա:
Հարցի հիմնական զեկուցող, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված այս նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու՝ ԵԼՔ-ի շտապողականությունը, քանի որ, ըստ էության, թանկացումների դեմ որևէ գործուն մեխանիզմ չի առաջարկում. «Այս նախագիծը գների իջեցման մասին չէ»,-պատգամավոր Փաշինյանին ասաց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը:
Փաշինյանի պնդմամբ՝ այս թանկացումները մեզ համար անսպասելի չէին, քանի որ, սովորաբար, Հայաստանում ընտրություններից հետո տեղի է ունենում ընտրակաշառքների վերադարձի գործընթաց, որի հետևանքով էլ առաջին սպառման ապրանքները թանկանում են:
«ՀՀ քաղաքացին իր վրա ամեն օր զգում է ոչ թե 2,6 տոկոս, այլ 21,9 տոկոս գնաճ»,-նշեց Փաշինյանը՝ առաջարկելով հարկային օրենսգրքի փոփոխություններ կատարել և վերադառնալ դեկտեմբերի 31-ի ստատուս-քվոյին՝ պահպանելով նախկին հարկային դրույքաչափերը:
Հարկային օրենսգրքի պաշտպանությամբ շտապեց հանդես գալ ԱԺ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ ԵԼՔ-ի այս առաջարկը խնդիրը չի լուծում, բայց փոխարենը բյուջեում առաջացնում է 15-16 մլրդի հավելյալ ճեղքվածք:
Հարությունյանի համոզմամբ՝ ստացվում է՝ ունքը սարքելու փոխարեն, աչքը չվնասելու հարցն է այսօր դրված ԱԺ-ի քննարկմանը: