Մենք թիվ նկարելու, ուռճացնելու խնդիր չունենք. Կարեն Կարապետյանը՝ Արագածոտնում
ՏնտեսությունՎարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտում մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը և կարևորել արտահանման ծավալների ավելացմանն ուղղված քայլերը: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել անասնապահության ոլորտի զարգացմանը և շեշտել, որ արտադրանք ունենալու պարագայում շուկաների հետ կապված խնդիրներ չունենք: Կարեն Կարապետյանը մարզպետարանի պատասխանատուներին հորդորել է 2018-ի համար պլանավորումն իրականացնել համարձակ և թիրախային, հստակեցնել բոլոր վիճակագրական տվյալները: «Մեզ պետք են ճշմարիտ թվեր, մենք թիվ նկարելու, ուռճացնելու խնդիր չունենք: Հորիզոնը, պլանը որ դնում ենք՝ պետք է սահմանել մաքսիմալ հագեցած, և այդ պարագայում 95-97 տոկոս կատարողականը շատ ավելի ողջունելի կլինի, քան 120 տոկոսը, երբ հասկանում ենք, որ պլանավորելիս ցածր բեռ ենք վերցրել մեզ վրա, որովհետև մեր մոտակա տարիների աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի համեմատ լինի միջինից ավելին, և մենք 2017 թվականը փակել ենք այդ թվերով», - նշել է վարչապետը: