Մայիսի 6-ի Աժ ընտրությունները արդար չեն եղել.Արթուր Սաքունց
ՔաղաքականԽորհրդարանական ընտրությունների վերաբերյալ անցկացված դիտարկումների ամբողջական արդյունքն այսօր տեղի ունեցած ասուլիսում ներկայացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։ Վերջինս, մինչ այդ արդյունքներին անդրադառնալը, ասաց, որ Ժողովրդավարության կայացման տեսանկյունից ընտրությունները Հայաստանում շարունակում են Աքիլլեսյան գարշապար մնալ: Արդյունքների հրատարակումը ավելի վաղ չի եղել, քանի որ հսկայական նյութի համակարգման համար ժամանակ է պահանջվել։
«Դիտորդների թիվը եղել է 112։ Դիտորդություններն իրականացվել են ոչ միայն ընտրական տեղամասերում, այլև ընդգրկել են ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումները։ Հիմնական նպատակն էր հասկանալ, թե ինչքանով էին ստեղծվել արդար և ազատ ընտրությունների նախապայմանները»։
Նախևառաջ, չէին վերացվել 2008թ-ի ընտրություններից հետո առաջացած խնդիրները, ինչի հետևանքով չկային անհրաժեշտ նախապայմաններ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու համար, նշում է Սաքունցը։ «Մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ չլուծվեց քաղաքական ուժերի ֆինանսավորման թափանցիկության հարցը։ Բացի այդ, ընտրախախտումների վերահսկման և կանխարգելման նպատակով ստեղծված ոստիկանության օպերատիվ շտաբի գործողությունների մասին հաշվետվություն այդպես էլ չեղավ: Զանգվածային բնույթ կրեցին ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ կուսակցությունների կողմից «նախընտրական բարեգործության» դեպքերը։ Եղան բազմաթիվ ահազանգեր ընտրող քաղաքացիների թվի ուռճացման մասին։
Բացի այդ, քվեարկության օրը բազմաթիվ ահազանգեր ստացվեցին անձնագրի մեջ դրվող կնիքի թանաքի 12 ժամից շուտ անհետացման մասին, ինչը խորացրեց ընտրությունների նկատմամբ անվստահությունը։
Այսպիսով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ 2012թ-ի մայիսի 6-ի Աժ ընտրությունները արդար չեն եղել, ընտրության արդյունքները չեն արտահայտել ընտրողների սպասելիքները, չի եղել իրական մրցակցություն, և ընտրողն ընտրություն է կատարել միայն շատ փողի և քիչ փողի միջև։