Հոգեկան հիվանդներին գիշերները ոչ ոք չի հսկում. բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է
ԻրավունքՀայաստանի հոգեբուժարաններում դեպքերում առկա է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական մոտեցում: Պատշաճ կերպով չի ապահովվում նրանց զբոսանքի իրավունքը, հագուստի տրամադրման հարցը` առաջնորդվելով տվյալ անձի գիտակցության աստիճանով: Բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց կենսաթոշակ տրամադրելու ու վերջիններիս կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմները:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` խոսելով «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի մասին։
Նա նշեց` թեև հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն անվճար է, բայց արձանագրվել են հոգեբուժական վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր: Նրա խոսքով` մտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ հոգեբուժական հաստատություններում բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է. «Որոշ դեպքերում չկան նեղ մասնագետներ, օրինակ՝ չկան մանկական հոգեբույժներ: Գիշերային ժամերին չկա հոգեբույժների հերթապահություն, իսկ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է», ասաց ՀՀ ՄԻՊ-ը:
Թաթոյանն ընդգծեց` ոչ միայն արձանագրված խնդիրները, այլև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել են ոլորտի իրավասու մարմիններին` Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություններին:
Սոնա Հարությունյան