ՔԿՀ-ն` «Սասնա ծռերի» հայտարարության մասին
«Սասնա ծռեր» խմբավորման տարածած հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿՀ մամլո ծառայությունը` անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման տարածած հաղորդագրությանը, որում ասվում էր, որ Արայիկ Խանդոյանին ցանկացել են սպանել:
«Երեկ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել էր «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում տեղ գտած հայտարարությունը, համաձայն որի՝ իբրև թե «2-3 շաբաթ առաջ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր ինքնաշեն ատրճանակ»: Ավելին՝ ըստ իրենց «տեղեկության»՝ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն է տվել ղեկավարությունը Արային Խանդոյանին սպանելու նպատակով: Սույն հայտարարությունների կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ վերոնշյալն իրականության հետ ընդհանրապես որևէ աղերս չունի: Քրեակատարողական հիմնարկներում իրականացված խուզարկությունների ժամանակ մինչ այսօր գործնականում երբևէ ինքնաշեն ատրճանակ կամ որևէ տեսակի հրազեն չի հայտնաբերվել, ինչն էլ մեկ անգամ ևս ապացուցում է տարածված տեղեկատվության անհեթեթ լինելը»,- ասվում է հայտարարությունում: