«Սասնա Ծռեր»-ի աջակիցները բացել են Արշակունյաց պողոտան
Հասարակություն«Սասնա Ծռեր»-ի աջակիցներն ու հարազատները քիչ առաջ բացեցին Արշակունյաց պողոտան: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ակցիայի մասնակիցներն, ովքեր գիշերել էին այստեղ, իրենց վրաններն ու պաստառները տեղափոխեցին մայթ՝ փակելով Շենգավիթի դատարան տանող հատվածը:
Ցույցի մասնակից Պավել Եղիազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ներկայացուցիչներից երեքը կգնան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման. «Լսելով մեր վարչապետի ուղերձը՝ որոշեցինք դադարեցնել ճանապարհի փակումը և բացել երթևեկությունը: Մեր պահանջը մնում է ուժի մեջ: Ըստ այդմ, համապատասխան լուծումներ տրվելուց կամ լուծման ուղիներ առաջարկելուց հետո մենք կորոշենք մեր հետագա անելիքները: Ցանկալի կլիներ հանդիպել անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև իրավական կարգավորմանն առնչվող հարցերը չեն կարող լուծվել գործադիր իշխանության, այդ թվում՝ վարչապետի մակարդակով, դրանք պետք է լուծվեն դատական մարմինների կողմից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դատարանի շրջափակումը կշարունակեն մինչև հստակություն մտցվի այս հարցերում:
Նշենք, որ արդեն 2-րդ օրն է, ինչ «Սասնա Ծռեր»-ի աջակիցները փակ էին պահում Արշակունյաց պողոտան: Նախօրեին «Սասնա Ծռեր»-ի պաշտպանները կրկին միջնորդեցին փոխել խափանման միջոցը, սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց: Դրանից հետո աջակիցները դուրս եկան դատարանից և փակեցին Արշակունյաց պողոտան: