«Տոնածառի գործով» ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանն ազատ կարձակվի
Բլոգոսֆերա«Քիչ առաջ ես և ԱԺ պատգամավոր Hayk Konjoryan-ը ստորագրեցինք երաշխավորություն` Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Հուսանք` արդեն այսօր Գևորգը կլինի ազատության մեջ»:
Այս գրառումն իր ֆեյսբուքյան էջում կատարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Գևորգ Սաֆարյանը Ազատության հրապարակում Նոր տարվա գիշերը փորձել էր տոնածառ տեղադրել, նշել Ամանորը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրել են այդ գիշերը ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է 2015-ի դեկտեմբերի 31-ին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, «տոնածառի գործով» ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգիրք 316 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:
Մեղադրող դատախազը պահանջել էր 2.5 տարով ազատազրկել ընդդիմադիր ակտիվիստին:316 հոդվածի առաջին մասի մեղադրանքն է՝իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը:Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: