Փաշինյանի նախազգուշացումը «գազավիկներին»
ՎերլուծականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հնարավորությանը: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված խնդիր կա, և իրենք այդ հարցերով զբաղվում են: «Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում է բավականին էժան գնով: Բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար կարևոր է ոչ թե այն, թե ինչ գնով է Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում, այլ այն, թե ինքը իր տանը ինչ գնով է սպառում այդ գազը: Հայաստանի քաղաքացին այսօր չի զգում, որ Ռուսաստանի էժան գազ է սպառում, և ես կարծում եմ, որ այստեղ կարող են լինել որոշակի անարդյունավետ կառավարման՝ ընդհուպ մինչև կոռուպցիոն ռիսկեր: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանի իշխանությունը ըմբռնմամբ է մոտենում, որ մենք այս հարցերով լրջությամբ զբաղվենք և հասկանանք, թե ինչ է տեղի ունենում»,- նշեց վարչապետը:
Оրեր առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ակնարկել էր, որ մոտ ժամանակներում հանրությանը կտեղեկացնեն նոր բացահայտումների մասին, իսկ թիրախում շատ հայտնի ընկերություններ են: Նիկոլ Փաշինյանի այսօրվա մեսիջը ուղղված էր հենց դրանցից մեկին՝ «Գազպրոմ Արմենիա»-ին և ամենայն հավանականությամբ նշանակում է, որ նոր իշխանությունները գազավիկների կոռուպցիոն սխեմաների բացահայտման գործում պատրաստվում են գնալ մինչև վերջ: Ուշագրավ է նաև Փաշինյանի՝ ռուսական կողմի ըմբռնումով մոտենալու վերաբերյալ: Ասել է թե՝ Սոչի այցի ժամանակ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ռուսական կողմից ստացվել է նման հետաքննություն անցկացնելու դաբրոն, ինչն էլ նշանակում է, որ Մոսկվան գազավիկների կլանի հետ այլևս հույսեր չի կապում: Առաջին իսկ նշանակալի գործնական քայլը, որը ձեռնարկվեց նոր իշխանության կողմից ընդդեմ կոռուպցիայի, վեր հանեց ուղիղ կապը «Գազպրոմ Արմենիա» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների հետ. ընկերության նախկին տնօրեն, հաշվապահ, որոնք ստացել են այդ լիազորությունները եւս մի նախկին տնօրենի վարչապետության օրոք։ Այդ անձինք մեղադրվում են պարզ գողության մեջ:
Ուշագրավ է նաև, որ «Գազպրոմ Արմենիա»-ում հավանական ստուգումները կրկին թիրախավորելու են Վարդան Հարությունյանին, ով կարծես թե Նորֆոլկի գործից հետո գլուխը ազատել է, անգամ տեղեկություններ եղան, որ Հարությունյանը նորից վերդառնալու է «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի պաշտոնին: 2016թ-ին նա ՊԵԿ նախագահ նշանակվեց՝ լքելով «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը: Ի դեպ, գլխավոր տնօրենի տեղակալը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին է: Իսկ սա նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կարող են էլ ավելի հնչեղ բացահայտումներ լինել՝ մեկնարկը արդեն տրված է…
Ստելլա Խաչատրյան