Խմորումները շարունակվում են. ով ինչ խնդիր է փորձում լուծել ընդդիմադիր դաշտում
ՎերլուծականՆոր կառավարության ձևավորումից, ընդամենը, մեկ տարի անց չեն դադարում խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանի թիմը այդպես էլ չունեացավ քիչ թե շատ կայացած ընդդիմախոսներ: Սակայն սա չի նշանակում, որ ընդդիմադիր դաշտում խմորումներ տեղի չեն ունենում և խոսքը առաջին հերթին արտախորհրդարանական ընդդիմության մասին է: Սերժ Սարգսյանին ներկայացրած մեղադրանքից հետո կտրուկ ակտիվացել է ՀՀԿ-ն, արդեն իսկ հասկանալի է, որ վերջիններիս պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Սակայն կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ն, ընդամենը, պահանջում է Փաշինյանից կատարել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները և չշեղվել դրանցից, հակառակ դեպքում սպառնում են ձևավորել արտահերթ ընտրությունների հանրային պահանջ: Մյուս կողմից ակնհայտ է, որ ՀՀԿ-ն փորձում է իրեն դիրքավորել, իբրև ամենահարմար ընդդիմադիր ուժը Փաշինյանի համար: Ակտիվացել է նաև ՀՅԴ-ն, որը պատրաստվում է սեփական թեկնածուով մասնակցել նաև Արցախի նախագահական ընտրություններին: Միևնույն ժամանակ պարզ է, որ ՀՅԴ-ն, դեռևս սպասողական վիճակում է, ընդամենը, տարատեսակ ակցիաներով և հայտարարություններով փորձում է ընդգծել իր ընդդիմադիր կեցվածքը:
Ինչ վերաբերվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, ապա պետք է փաստել, որ կոնսոլիդացիան դանդաղել է, միևնույն ժամանակ մոտ ժամանակներս կլինի ՄԻԵԴ որոշումը, որը իրականում շատ բան կարող է փոխել: Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիան թերևս ամենաշատն է վախեցնում իշխանություններին և հենց դրանով է պայմանավորված Վերնատուն ակումբի թիրախավորումը, ինչպես նաև Քոչարյանի ազատ արձակումը պահանջող հանձնախմբի ղեկավար Աղվան Վարդանյանին բացահայտ քրեական գործով սպառնալը: Իրականում, չպետք է մոռանալ, որ այս գործընթացում առկա է նաև արտաքին գործոնը: Եթե ՀՀԿ-ն բացահայտ կերպով օգնության է կանչում Արևմուտքին, ապա Քոչարյանի դեպքում ակնհայտ է, որ օգնությունը ակնկալվում էր ռուսական կողմից: Սակայն վերջին շրջանում ռուսները չեն շտապում վիզ դնել երկրորդ նախագահի համար, քանի որ, կարծես թե հարմարվել են Փաշինյանին, վերջինս էլ ամեն կերպ փորձում է շահել ռուսական կողմի սիրտը և բարեհաճությունը, դրանով իսկ քարտ-բլանշ տալով ՀՀԿ-ին Արևմուտքի հետ իր «քաղաքական սիրավեպում»:
Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս ձևավորվելու են քաղաքական նոր ֆորմատներ, որոնք էլ կփորձեն լուրջ ընդդիմություն դառնալ Փաշինյանի կառավարությանը: Հայաստանում անցկացվող սոցհարցումները վկայում են, որ ընդդիմադիր տրամադրությունները իսկապես գլուխ են բարձրացրել և դա պայմանավորված է իշխանությունների վարած քաղաքականությունից հանրության մի ստվար հատվածի մոտ առկա օբյեկտիվ դժգոհություններից: