Նոր իշխանությունների սկանդալային դեմքերը. Երևանի վարչական շրջանների ղեկավարներ
ՎերլուծականՔՊ-ից հանրությանը ծառայելու մանդատ ստացած պաշտոնյաները մեկ տարվա մեջ հաճախ են հայտնվել տարատեսակ սկանդալային պատմությունների մեջ, բացառություն էին կազմում, թերևս, միայն Երևանի վարչական շրջանների ղեկավարները, որոնց նշանակումը, արդեն իսկ, ուղեկցվեց մամուլում առկա սուր և քննադատական հրապարակումներով: Վարչական շրջանների ղեկավարների անվան հետ կապված մեդիամոնիտորինգը մեկ տարվա մեջ վեր է հանել բավական հետաքրքիր պատմություններ, որոնցում վերջիններս հայտնվել են:
Այս առումով, մասնավորապես, աչքի ընկավ Ավան վարչական շրջանի ղեկավարը, ում նշանակման հաջորդ իսկ օրը մամուլը գրեց, որ Արա Դանիելյանը, նույն ինքը՝ Խալ Արոն, մեքենաների «մատորներ» է հավաքում և հոսանքներ կարգավորում: Ասում են՝ երիտասարդը նաև ձեռքի հետ խողովակների գործ է անում: Մի խոսքով՝ կենցաղային լեզվով ասած, «դզող-փչող» էր և կարիերային թռիչք է ապահովել՝ դառնալով վարչական շրջանի ղեկավար:
Ի դեպ՝ Ավանի թաղապետի հետ կապված ևս մեկ սկանդալային պատմություն է ուշագրավ: Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը քաղաքապետարանի ուշադրությունն էր հրավիրել Ավանի թաղապետարանին կից աշխատող սուրճ պատրաստող ապարատի վրա: Ըստ նրա, թաղապետ Դանիելյանի պաշտոնավարման ընթացքում շենքի մոտ հայտնվել է սուրճ պատրաստող ավտոմատ սարքը, որը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է թաղապետի որդուն, ի դեպ՝ թաղապետարանի աշխատակիցները տեսագրող սարքի ներքո ստիպված սուրճ են խմում, հաճոյացնելու համար թաղապետին։ Ուշագրավն այն է, որ այդ ահազանգից հետո որոշվեց վերոնշյալ ապարատը ապամոնտաժել: Ավան վարչական շրջանի ղեկավար կազմից աչքի է ընկել անգամ փոխթաղապետը: Շատերը կհիշեն վերջինիս՝ Փաշինյանին պաշտպանող ֆեյսբուքյան «սպառնալից» գրառումը, որը լայն քննարկման առիթ հանդիսացավ:
Մեծ աղմուկով ուղեկցվեց նաև Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարի նշանակումը, բանն այն է, որ Հայկ Մարությանը Կենտրոնի նոր թաղապետ է նշանակել Ավետ Պողոսյանին, ով եղել է ՀԱԿ վարչության անդամ: Այս հանգամանքը լուրջ քննադատության արժանացավ, հատկապես սոցիալական ցանցերում քննարկվեց հնի վերադարձը կանխելու իշխանությունների խոստումը, ավելի ճիշտ՝ այդ խոստումից «թռնելը»:
Մամուլը անդրադարձել էր նաև Արաբկիրի թաղապետարանում տեղի ունեցող զարգացումներին, նշելով, որ այս վարչական շրջանի ղեկավար կառույցում իսկական բունտ է հասունանում, պատճառն էլ՝ անհասավար հիմունքներով դուրս գրված պարգևավճարներն էին: