Սթափեցնող թվեր. Ջանջուղազյանը կհամալրի՞ «հակահեղափոխականների» ցանկը
ՎերլուծականՀՀ Կառավարության տարեվերջյան նիստում ամփոփելով տնտեսական տարին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից, թե նա հիշում է դեպք, երբ է Հայաստանում նման ծավալներով գրանցվել բյուջեի գերակատարման դեպք վերջին անգամ: Ջանջուղազյանի պատասխանը անչափ ուշագրավ էր այն առումով, որ վերջինս ոչ միայն հիշում էր տարեթիվը, այլ նաև լինելով Փաշինյանի կաբինետի անդամ՝ չխուսափեց այդ տարեթիվը բարձրաձայնելուց: «Պարոն վարչապետ առաջին անգամը (բյուջեի գերակատարում - խմբ.) եղել է 2004 թ., հավանաբար, որովհետև մինչ 2002 թվականը մենք ունեցել ենք խորը խնդիրներ, որոնք հանգեցրել են բյուջետային պարտքերի առաջացման և, ըստ էության, 2002 թիվն առաջին անգամ է, որ գերակատարում է եղել: 2004 թվականն ինչու՞ է տպավորված, որովհետև դա այն տարին է եղել, երբ լրացուցիչ բյուջե է ներկայացվել և Ազգային ժողովի կողմից հաստատվել է»,- հայտարարեց ֆինանսների նախարարը: Այսինքն, Ջանջուղազյանը փաստում է, որ Փաշինյանի ներկայացրած գերակատարումը բնավ էլ աննախադեպ չէ և նման դեպք արդեն իսկ գրանցվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին:
Ջանջուղազյանը առաջին անգամ չէ, որ հակադրվում է Փաշինյանին կամ նրա թիմի մյուս անդամներին: Նման դեպքեր գրանցվել են թե Արսեն Թորոսյանի հետ, երբ Ջանջուղազյանը դեմ արտահայտվեց վերջինիս հեղափոխական առաջարկին՝ 6 տոկոս առողջապահական հարկ սահմանելուն՝ նշելով, որ իր նախընտրած շեմը զրոն է: Նման դեպք գրանցվեց նաև կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ: Գյումրիում կառուցվող մաքսատան և հարկային վարչարարության ռազմավարության վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում տեղի ունեցավ բանավեճ ՊԵԿ նախագահի և ֆինանսների նախարարի միջև: Ահա այդ բանավեճի ֆոնին էլ հանկարծ բռնկվեց վարչապետը՝ խոսելով հեղափոխության դիմադրության մասին:
Ընդ որում, թեև նա չթիրախավորեց որևէ մեկին կոնկրետ, այդուհանդերձ, դատելով իրավիճակի, այսպես ասած, բովանդակային զարգացումից՝ Նիկոլ Փաշինյանի խոսքը թիրախավորում էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Եթե նկատի առնենք նաև, որ Ջանջուղազյանը կասկածի տակ էր դրել հեղափոխության գլխավոր տնտեսական ձեռքբերումը՝ արտահանման կտրուկ աճը՝ հայտարարելով, որ արտահանման ծավալները անկում են ապրել, ապա ավելի քան հավանական է, որ մոտ ապագայում Ջանջուղազյանի գլխին իսկապես մութ ամպեր կուտակվեն և վերջինս համալրի հակահեղափոխականների ցանկը…