«Հայաստանի Հանրապետություն». Կներդրվի հաշմանդամության գնահատման նոր համակարգ
Հայկական Մամուլ«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մշտապես խնդիր է եղել, որ հաշմանդամ անձինք զրկված են իրենց առօրյա կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքից, ուստի նախատեսվում է արգելք դնել հաշմանդամության հիմքով խտրականության վրա՝ արժեւորելով անձնական օգնականի ինստիտուտի ներդրումը, մշակելով նոր համակարգի անցմանն առնչվող գործընթացներ։ Նշենք, որ Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 189 485 անձ, որից ավելի քան 800 հազարը երեխաներ են։
ՀՀ կառավարությունը ոչ միայն վերանայում, այլեւ ամբողջությամբ փոխում է հաշմանդամության գնահատման համակարգը։ Ի՞նչ է այն ենթադրում եւ ինչքանո՞վ է փոխելու կամ հեշտացնելու հաշմանդամ անձանց՝ լիիրավ անդամ զգալու գործընթացը՝ «ՀՀ»-ի խնդրանքով պարզաբանում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։
«Այս պահին գործում է հաշմանդամության երեք կարգ, նաեւ՝ հաշմանդամ երեխա կարգավիճակ, որոնք որոշվում են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից, կառավարության որոշումների եւ չափորոշիչների հիման վրա։ Հաշմանդամության կարգը ենթադրում է որոշակի առողջապահական ապահովություն եւ 25 500 դրամ թոշակ։
Պարզ է, որ, մեր տրամաբանությամբ, թոշակը հատկացվում է ֆունկցիոնալ սահմանափակումները հաղթահարելու նպատակով։ Այն նպաստ եւ սոցիալական վճար չէ, այլ տրամադրվում է ֆունկցիոնալ սահմանափակումների հաղթահարման համար։ Այս տեսակի օգնությունը, ըստ մեր դիտարկումների, չի անհատականացնում հաշմանդամ անձանց կարիքները եւ չի ապահովում նրանց սոցիալական ներառվածությունն ու ֆունկցիոնալ սահմանափակումների հաղթահարման գործընթացը»,- նշեց Գեմաֆին Գասպարյանը։
Ըստ նրա` նոր համակարգը բացառում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների առկայությունը եւ ֆունկցիոնալ գնահատում է իրականացնելու համաշխարհային ոսկե ստանդարտներով, բազմամասնագիտական հանձնաժողովների կողմից։ Գնահատման արդյունքում կազմվելու են անհատական ծառայություններ, որոնց միջոցով հաշմանդամ անձինք կկարողանան հաղթահարել իրենց ֆունկցիոնալ սահմանափակումները։ Նոր համակարգը ուղղված է լինելու անհատական կարիքի գնահատմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում