Դասագրքերի հանձնման կազմակերպումը դպրոցի տնօրենի գործառույթն է. ԿԳՄՍ
ՀասարակությունՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել.
«Պարետի որոշման համաձայն` հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը թույլատրվում է կազմակերպել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան:
Հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրային արձագանք է ստացել դպրոցներում ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դասագրքերի հանձնման հարցը, տեղեկացնում ենք, որ խնդիրը գտնվում է ուսումնական հաստատության տնօրենի գործառույթների տիրույթում:
ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեններին` դասագրքերի հանձնման գործընթացը կազմակերպել` խստորեն պահպանելով պարետատան սահմանած անվտանգության կանոնները`տարածքի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, մարդկային կուտակումների բացառում և այլն:
Միաժամանակ նշենք, որ ավարտական դասարաններում գրքերի հանձնման գործընթացը կարող է կազմակերպվել ատեստատներն ստանալու օրերին, իսկ մնացած դասարաններում` ըստ դպրոցի տնօրենության հայեցողության»։