Նախկին ՀՀԿ-ականի որդին կօգնի Փաշինյանին վերագործարկել Ամուլսարը
ՎերլուծականՆիկոլ Փաշինյանի որոշմամբ նախորդ տարի հոկտեմբերին Ջերմուկ քաղաքի ղեկավարի պաշտոնում էր նշանակվել «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը:
Ուսումնասիրելով, թե այս ողջ ընթացքում համայնքի ինչպիսի խնդիրների լուծմամբ է զբաղված եղել Արսենյանը՝ հասկանում ենք, որ վերջինս լիարժեքորեն ՔՊ-ական պաշտոնյա է դարձել, չնայած և ՔՊ-ին չի անդամակցում: Համայնքի պաշտոնական կայքից պարզ է դառնում, որ Արսենյանը հանդիպումներ է ունեցել գյուղերի բնակիչների հետ, այցելել մարզադպրոց, մի շարք փողոցների լուսավորության ցանցն է փոխվել, ռազմահայրենասիրական դասեր են անցկացվել: Բացի այդ, Արսենյանը հասցրել է հանդիպել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ: Թերևս այսքանը, որևէ լուրջ ծրագիր, առավել ևս ներդրումային լուրջ փաթեթ Ջերմուկ չի հասել, ինչը չի կարող չմտահոգել, երբ քաղաքը հավակնում է տուրիզմի կենտրոն դառնալու:
Դժվար է ասել, թե ինչով են վերը թվարկված հանդիպումները, ծրագրերը մոտեցնելու Արսենյանի գլխավոր խոստման կատարմանը՝ Ջերմուկը տուրիզմի կենտրոն դարձնելուն: Ավելին, կարծես թե, Արսենյանը և ՔՊ-ական ավագանին հակված են չխոչընդոտել Ամուլսարի հանքի վերաշահագործմանը, իսկ որ Փաշինյանի կառավարությունը ունի նման ծրագիր և մտադրություն՝ արտացոլված է անգամ ՀՀ այս տարվա պետական բյուջեի նախագծում: Նախկինում ՔՊ-ական մարզպետները լուրջ խնդիրներ էին ունենում Ջերմուկի ավագանու հետ, որն ամեն կերպ ընդդիմանում էր հանքի շահագործմանը: Հիմա, երբ ՔՊ-ն ստացել է ջերմուկցիների քվեների 76 տոկոսը, խնդիրներ պետք է որ չառաջանան և ուշագրավ է, որ այս հարցում Փաշինյանին օգնության կհասնի հենց Արսենյանը: Նախընտրական հանդիպումների ընթացքում Արսենյանն ամեն կերպ փորձում էր խուսափել հանքի շահագործման վերաբերյալ հստակ կարծիք հայտնելուց և դա բնական է, կողմ արտահայտվելու դեպքում ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն կարող է բավական լուրջ ձայներ կորցներ:
Իրավիճակը, ինչ խոսք, զավեշտալի է, ընդդիմադիր Փաշինյանը մեղադրում էր նախկին իշխանություններին էկոաղետ բերելու, Ամուլսարը շահագործելու մեջ, իսկ հիմա հենց նախկինները պետք է օգնեն Փաշինյանին հասնել հանքի վերաշահագործմանը...: