Հայաստանում առաջին անգամ կատարվել է ենթաստամոքսային գեղձի ուռուցքի լապարասկոպիկ մասնահատում
ՀասարակությունԱռաջին անգամ Հայաստանում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում կատարվել է ենթաստամոքսային գեղձի ուռուցքի լապարասկոպիկ մասնահատում։ Աշխարհում նման վիրահատություններն արդեն առկա են վիրահատական պրակտիկայում, սակայն մեր երկրում որովայնի խոռոչի նման ծավալի վիրահատություն մինչ օրս անցկացվել է միայն բաց եղանակով, հաղորդում է med.news.am-ը։
Վրաստանի բնակիչ 47-ամյա Հայկ Քոչոյանը լրագրողներին պատմեց, որ դիմել է բժշկի այն բանից հետո, երբ երկար ժամանակ չի կարողացել ոչինչ ուտել։ Նա ունեցել է սուր ցավեր, սրտխառնոց, ապա վերջում զարգացել է աղիքային անանցանելիություն։ Նրա մոտ ախտորոշվել է սուր քրոնիկ պանկրեատիտ։
Մեկ այլ հիվանդանոցում թերապեւտիկ բուժման կուրս անցնելուց հետո նրան ուղարկել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն, որտեղ վերջերս Մոսկվայից Երեւան վերադարձած Գրիգոր Պապոյանն առաջարկել է արմատական լապարասկոպիկ վիրահատություն կատարել։ Գրիգոր Պապոյանին օգնել է Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցի վիրաբույժ Իգոր Անդրեյցեւը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, վիրաբուժության գծով փոխտնօրեն Գրիգոր Պապոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հիվանդը կլինիկա է ընդունվել տասներկումատնյա աղիքի անանցանելիությամբ, 15-20 կգ քաշի կորստով, կախեքսիայով, օրգան համակարգերի ախտահարումով՝ երիկամների, լյարդի անբավարարությամբ եւ հիպոալբումինեմիայով։
Նրա մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի ուռուցք, եւ արդյոք այն բարորակ է, թե չարորակ, ցույց կտա հեռացված նյութի հյուսվածաբանական հետազոտությունը։ Գրիգոր Պապոյանը պարզաբանեց, որ ենթաստամոքսային գեղձի ուռուցքի բիոպսիա խորհուրդ չի տրվում, քանի որ պրոցեդուրան կարող է ենթաստամոքսային գեղձի բորբոքում առաջացնել։ Հատկապես, եթե ուռուցքը վիրահատելի է:
2 շաբաթ պացիենտը պատրաստվել է վիրահատության՝ զոնդի միջոցով սնունդ ընդունելով։ Դրանից հետո կատարվել է գաստրոպանկրեատոդուոդենալ մասնահատում, որը ներառում է ստամոքսի, մեծ եւ փոքր ճարպոնի, ենթաստամոքսային գեղձի գլխիկի, տասներկումատնյա աղիքի, լեղապարկի եւ ընդհանուր լեղածորանի մասնահատում։ Մասնահատումից հետո կատարվել է վերականգնում․ ենթաստամոքսային գեղձը, ստամոքսը եւ ընդհանուր լեղածորանը կարվել են բարակ աղիքի հետ՝ վերականգնելով ողջ աղեստամոքսային համակարգի ամբողջականությունը։
Գրիգոր Պապոյանը պարզաբանեց, որ նման վիրահատությունից հետո պացիենտը շատ արագ ապաքինվում է, քանի որ որովայնի խոռոչի առաջնային պատը շատ ավելի քիչ է վնասվում, քան բաց վիրահատության ժամանակ, երբ 30 սմ կտրվածք է արվում։ Լապարոսկոպիայի ընթացքում գործիքների համար կատարվում են 0,5-1 սմ տրամագծով մի քանի անցք եւ ընդամենը 5 սմ կտրվածք՝ դրա միջով հեռացված օրգանների ամբողջ համալիրը դուրս բերելու համար։ Դա հանգեցնում է հիվանդի վաղ ակտիվացման ու վաղաժամ ապաքինման։
Հայկ Քոչոյանը հետվիրահատական բարդություններ չի ունեցել, չնայած վիճակագրության համաձայն, նման լայնածավալ վիրահատության դեպքում բարդություններ են առաջանում 15-20 տոկոսի դեպքում։ 12-րդ օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից։