Բախվել են Արցախի ՊԲ նախկին հրամանատար՝ գեներալ Լևոն Մնացականյանի Toyota Land Cruiser-ն ու վրացական համարանիշներով Toyota Camry-ն․ կա վիրավոր․ դեպքի վայրում է գեներալ Սամվել Օգանովսկին
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց, ժողովրդին հայտնի՝ «Կուկուռիզնիկի» տակ բախվել են Toyota Land Cruiser և վրացական համարանիշներով Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Toyota Land Cruiser-ի վարորդ՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, արցախցի հայտնի գեներալ Սամվել Օգանովսկին և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։
Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով՝ նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը վարել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը։