Ես ինքս ինձ 100%-ով ուկրաինացի եմ զգում և երբեք այսքան հպարտ չեմ եղել դրանով. Սահակաշվիլի
Աշխարհ«Եթե ես հիմա լինեի Ուկրաինայում, կլինեի Զելենսկու կողքին»,- «Украинская правда»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։
Լրագրողներից մեկը Սահակաշվիլիին հարցրել է, թե ինչ կաներ, եթե նա Ուկրաինայից չվերադառնար Վրաստան և գտնվեր Կիևում՝ Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ, ինչին Սահակաշվիլին պատասխանել է.
«Առաջին՝ ես մտերիմ կլինեի նախագահ Զելենսկու հետ, որին համարում եմ Չերչիլից հետո ամենահայտնի պետական գործիչը։ Նրա հետ համեմատած՝ Ռեյգանն ու Թեթչերը «նյարդայնացած ծխում են մի կողմում»։ Միևնույն ժամանակ, ես կշրջեի աշխարհով մեկ՝ օգտագործելով իմ բազմաթիվ կապերը՝ Ուկրաինային աջակցություն հավաքելու համար:
Երկրորդ՝ ես անընդհատ կգնայի առաջնագիծ, կօգնեի ինչպես ուկրաինացի, այնպես էլ վրացի մարտիկներին։ Վերջերս վրացի մարտիկները կոլեկտիվ դիմում գրեցին՝ շնորհավորելով ծննդյանս տարեդարձը, թեև ոչ մի պահ չեմ մոռանում այն փաստը, որ նրանցից 35-ն արդեն զոհվել են պատերազմում, այդ թվում՝ 7-ը՝ Բախմուտի ճակատում։ Եվ իմ ուկրաինացի ընկերներից շատերը մահացել են կամ վիրավորվել»,- ասել է Սահակաշվիլին։
Սահակաշվիլիի խոսքով՝ Խերսոնի մոտ սպանվել է իր օգնական Վլադիմիր Չավրիգան, իսկ Բախմուտի մոտ ծանր վիրավորվել է նրա թիկնապահ Միխայիլ Բատուրինը։
«Ես ինքս ինձ 100%-ով ուկրաինացի եմ զգում և երբեք այսքան հպարտ չեմ եղել դրանով», - ասել է Սաակաշվիլին: