Փաշինյանին հեռացնելով՝ հայ ժողովուրդը կկանխի իր գլխին կախված մեծ ոճրի սպառնալիքը. «Համախմբում»
ՀասարակությունԱպրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կատարեցին Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող և ըստ էության փոխհամաձայնեցված հայտարարություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Համախմբում» շարժումը:
Հայտրարությունում նաեւ ասվում է. «Հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում, իսկ Իլհամ Ալիևը շեշտեց, որ Արցախը Ադրբեջանի ներքին հարցն է՝ արցախցիներին առաջարկելով կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ դուրս գալ Արցախից։
Հայտարարում ենք, որ Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչելու անհնարինության վերաբերյալ վարչապետի աթոռին գամված անձի պնդումները շինծու են, ո՛չ մի աղերս չունեն՝ պատմական իրականության, հայ ժողովրդի ազգային-պետական շահերի, մարդու իրավունքների ու ազատությունների մասին համամարդկային սկզբունքների, միջազգային իրավունքի և սահմանադրականության հետ․ այդ հայտարարություններն անարգում են Արցախի ազատության համար զոհված հազարավոր հայորդիների հիշատակը, ոտնահարում՝ Արցախի պետականության կայացման գործում մեր բազմահազար հայրենակիցների ունեցած վաստակը։
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Խորհրդային Ադրբեջանի սահմաններում ճանաչելը նշանակում է․
▪️լեգիտիմացնել՝ Ստալինի ճնշմամբ Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության կովկասյան բյուրոյի ապօրինի որոշումը,
▪️ճանաչել Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդությունը Խորհրդային Ադրբեջանի նկատմամբ, երբ Ադրբեջանն ինքն է հրաժարվել այդ իրավահաջորդությունից՝ իրեն հռչակելով 1918-1920թթ․ Ադրբեջանի իրավահաջորդ, որի կազմում Արցախը երբեք չի եղել,
▪️հավանություն տալ՝ Արցախում խորհրդային Ադրբեջանի կողմից իրականացված հայաթափմանը՝ Արցախյան շարժման շրջանում, 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ հազարավոր հայերի նկատմամբ իրականացված կոտորածներին, տեղահանումներին, պետական մակարդակով դրսևորվող հայատյացությանը, Արցախի հանդեպ այսօր կիրառվող շրջափակման քաղաքականությանը,
▪️ոտնահարել Հայաստանի Հանրապետության սահմանադրական հիմքերն ու հայ ժողովրդի հավաքական կամքը, քանի որ Արցախի ազատությունն ապահովելու (Մայր հայրենիքի հետ վերամիավորման հեռանկարով) նպատակն ամրագրված է Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթում՝ Անկախության Հռչակագրում։
Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ ակտով չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Խորհրդային Ադրբեջանի սահմաններում: 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագիրը, որին Հայաստանի Հանրապետության ղեկավարներից միայն Նիկոլ Փաշինյանն է հղում կատարում, ՀՀ Գերագույն Խորհուրդը վավերացրել է վերապահմամբ առ այն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի տարածվում Արցախի վրա։
Նիկոլ Փաշինյանն իր մոլորեցնող ու դավաճանական հայտարարություններով ոտնակոխ է անում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու կամքը։
Փաշինյանի և Ալիևի փոխհամաձայնեցված գործողությունները ցույց են տալիս, որ նրանք, համատեղ, Արցախի ժողովրդի հանդեպ կանխամտածված ցեղասպանության հիմքերն են նախապատրաստում։
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը հայտարարում է, որ միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով հայ ժողովուրդը կկանխի իր գլխին կախված մեծ ոճրի սպառնալիքը:
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը կոչ է անում հասարակական-քաղաքական բոլոր միավորումներին, հայրենասեր, պետականամետ քաղաքացիներին միավորվել հայրենիքի ազատագրման պայքարին։
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը վճռական է մինչև վերջ պայքարելու այս հարցում։