Փաշինյանի «խոսափողները» բացահայտում են նոր Սահմանադրության իրական շահառուներին
ՎերլուծականՕրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարիք ունի ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության: Վարչապետի այս հայտարարությունը լայն հանրային ռեզոնանս առաջացրեց, փորձագիտական շրջանակները միանգամից առաջ քաշեցին այն թեզը, որ Փաշինյանի կողմից Սահմանադրություն փոխելն ինքնանպատակ քայլ չէ և դրա հետևում ՀՀ իշխանությունների՝ հայ ազգի ինքնությունը, անկախությունը վերջնականապես թշնամուն զիջելու և ջնջելու մտադրությունն է: Ուշագրավ է, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը երեկ իր տված հարցազրույցի ընթացքում փաստացի հաստատեց հանրության լայն շրջանակների մոտ եղած մտահոգությունները: Ըստ Իոաննիսյանի՝ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ «Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ նաև Արցախի հետ կապված հարցեր կան։ Եվ Ադրբեջանի դիվանագիտությունը սա հաճախ օգտագործում է, որ փորձի աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը ռևանշիստական պետություն է կամ ռևանշիստական մտադրություններով պետություն է»։
Ինչպես տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսափողների միջոցով փորձում է հանրային տրամադրությունների զոնդաժ իրականացնել և հասկանալ, թե որքանով է Սահմանադրությունը փոխելու և Արցախի հանձնումը լեգիտիմացնելու իր մտադրությունն ընդունելի հանրության լայն շրջանակների կողմից: Դանիել Իոնննիսյանը բացում է այն փակագծերը, որոնք ինքը՝ Փաշինյանն, իրեն չի կարող թույլ տալ բացել: Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ փաստացի Իոաննիսյանի շուրթերով Արևմուտքը հաստատում է այն թեզը, որ Հայաստանում Սահմանադրությունը փոխելու և նոր Սահմանադրության մեջ հակահայկական, հայ ինքնությանը հարվածող կետեր առաջ քաշելու գլխավոր շահառուն հենց Արևմուտքն է: Գաղտնիք չէ, որ Իոաննիսյանի ղեկավարած ՀԿ-ն տարիներ շարունակ ֆինանսավորվել է Բաց Հասարակություններ հիմնադրամից, որը հայտնի է որպես՝ Սորոսի հիմնադրամ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական-խորհրդատվական կազմակերպությունը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ սկսել է ստանալ 2016 թվականից: Իր գործունեության ընթացքում կազմակերպությունը տարբեր արևմտյան հիմնադրամների կողմից ստացել է մոտ 590 000 դոլար արժողությամբ դրամաշնորհներ, ըստ որում, այդ գումարի մոտ կեսը (մոտ 289 000 դոլար)՝ անցած երեք տարիներին Սորոսի հիմնադրամի կողմից:
Հետևաբար, պատահական չէ, որ նոր Սահմանադրության գլխավոր լոբբիստը և սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը, հենց արևմտյան հիմնադրամներից սնվող ՀԿ-ներից մեկի ղեկավարն է, ով էլ փաստացի բացահայտում է Արևմուտքի հետաքրքրվածությունը Նոր Սահմանադրությամբ, որտեղ չի լինի Արցախը, Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը և Արարատը: Ինչպես ասում են՝ Արևմուտքը թեև դանդաղ, սակայն բացում է խաղաքարտերը: