Արևմուտքում անվտանգության երաշխիքներ գտնելու Փաշինյանի ծրագրերը ձախողվել են
ՎերլուծականՀՀ իշխանությունների կողմից Արևմուտքի հովանու ներքո առաջ մղվող խաղաղության օրակարգը, կարծես թե, վերջնականապես ձախողվել է, համենայնդեպս այդ մասին են վկայում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները: Դիցուք՝ երեկ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր ստորագրել, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու: Փաշինյանը նշում է, որ Հայաստանն իր ինքնիշխան տարածքից բացի որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի և որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա ՀՀ որևէ տարածքի նկատմամբ․ «Մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատև և անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից»- ասել է վարչապետը:
Ամիսներ առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր: Փաշինյանն արդեն գիտակցում է, որ իր կարգախոսն ու դրանով վարվող քաղաքականությունն, ըստ էության, ձախողվել են։ Օրինակ` ԱՄՆ–ն հայտարարում է, որ ոչ թե միջնորդ է, այլ գործընկեր, և դա ասում է, որպեսզի իրեն ապահովագրի հնարավոր անհաջողությունից։ Պարզից էլ պարզ է, որ ԱՄՆ–ն այս պահին չի ցանկանում հայ–ադրբեջանական խնդրի կարգավորման գործում մեծ ներգրավվածություն ունենալ։ Վաշինգտոնը չի պատրաստվում անվտանգության երաշխիքներ տալ անգամ Կիևին, որին խոստանում էր աջակցել մինչև վերջնական հաղթանակ: Այսօր, սակայն, The Washington post-ը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որտեղ խոսվում է Ուկրաինային 10 տարով անվտանգության երաշխիքներ տալու Բայդենի պատրաստակամության մասին, սակայն, այդ երաշխիքներն իրենցից ընդամենը ֆինանսական օգնություն են ներկայացնելու:
Արևմուտքում խաղաղություն և անվտանգության երաշխիքներ գտնելու Փաշինյանի ծրագրերն ակնհայտորեն տապալվել են: Վերջինս, ինչպես երևում է, դասեր չի քաղում ոչ համաշխարհային պատմությունից, հակառակ դեպքում՝ կհիշեր, թե ինչ ճակատագրի արժանացավ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, ոչ էլ ընթացիկ քաղաքական գործընթացներից: Բաքուն, իհարկե, չի ստորագրելու որևէ համաձայնագիր, Արևմուտքն էլ իր հերթին չունի լծակներ՝ Իլհամ Ալիևի վրա ազդելու համար: Արևմտյան պաշտոնյաներն էլ, ովքեր հրաժարվում են անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային, դժվար թե այդպիսիք տան Հայաստանին։ Ստացվում է, որ խաղաղության օրակարգը տապալած Փաշինյանը հասել է մի իրավիճակի, երբ ստիպված է կախվել փրփուրներից...