Հայաստանի պատմության թանգարանի պարզաբանումը՝ Անահիտ աստվածուհու արձանի գլուխը Հայաստանում ցուցադրելու մասին
Գիտություն և ՄշակույթՀայաստանի պատմության թանգարանը պարզաբանում է ներկայացրել Անահիտ աստվածուհու արձանի գլուխը Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրելու վերաբերյալ:
Թանգարանի տարածած պարզաբանման մեջ ասվում է. «Հայաստանի պատմության թանգարանը, ի թիվս աշխարհի այլ հեղինակավոր թանգարանների, ակտիվ համագործակցում է նաև Լոնդոնի Բրիտանական թանգարանի հետ։
Դեռևս 2018 թվականին թանգարանը մասնակցել է Բրիտանական թանգարանում կազմակերպված «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» միջազգային ցուցահանդեսին, որին թանգարանի հավաքածուից ներկայացվել է 10 բացառիկ նմուշ։
2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվեց «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցություն ունեցավ նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ իր հավաքածուից ցուցադրությունում ներկայացնելով 4 բացառիկ նմուշներ (Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V դդ․), Էրեբունուց հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք․ ա․ VI-IV դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․))։
Ցուցադրության բացման շրջանակում տեղի են ունեցել բանակցություններ Բրիտանական թանգարանի պատասխանատուների հետ: Մասնավորապես Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի և թանգարանի այլ պատասխանատուների հետ հանդիպումներ են ունեցել Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու թանգարանների միջև հետագա համագործակցության հեռանկարներն ու նոր հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ցուցադրությունների կազմակերպման շարունակականության ապահովումը:
Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի հավանությամբ՝ այս տարի Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում նախատեսվում է ժամանակավոր տրամադրել Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք․ ա․ II-I դդ․): Առաջին անգամ այս մասունքային նշանակության ցուցանմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ուշագրավ ցուցանմուշների հետ։
Ցուցադրության կազմակերպման հետ կապված աշխատանքները շարունակվում են․ ավարտից հետո ԿԳՄՍ նախարարության և թանգարանի կողմից պաշտոնապես կհայտարարվի ծրագրի մեկնարկի մասին»: