180 էլեկտրոնային հայցադիմում՝ 1 օրում. քաղաքացիական դատավարությունը թվայնացվել է
Իրավունք2024 թվականի փետրվարի 1-ից դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմում, պատասխան, միջնորդություն, պետական տուրքի վճարում և շատ այլ գործողություններ արդեն հնարավոր է իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային համակարգի՝ cabinet.armlex.am միջոցով, առանց տանից դուրս գալու: Բացառություն է կազմելու պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները:
Առաջին փուլում համակարգից պարտադիր օգտվողներն են լինելու՝ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և ՏԻՄ-երը, փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները, արտոնագրված հաշտարարները: Ֆիզիկական անձանց համար պարտադիր օգտվելու պահանջը կգործի այն դեպքում, եթե առնվազն մեկ անգամ համակարգի միջոցով կատարել է գործողություն և հետո դատարանին չի ներկայացրել դիմում՝ համակարգն օգտագործելու անհնարինության մասին:
Այս բարեփոխման առավելություններն են.
1. Էլեկտրոնային համակարգում նոր փաստաթղթի տեղադրման դեպքում, համակարգն օգտագործողն անմիջապես տեղեկացվելու է իր մուտքագրած հեռախոսահամարին կարճ հաղորդագրության միջոցով։
2. Դատական նիստերն այլևս անհարկի չեն հետաձգվի. Համակարգը դատավորին թույլ կտա էլեկտրոնային օրացույցով տեսնել կողմերի զբաղվածությունը:
3. Պետական տուրքը վճարվելու է միայն համակարգի միջոցով:
4. Ապացույցների ներկայացման ընթացակարգը ևս էլեկտրոնային է։ Իրեղեն ապացույցի ներկայացման համար համակարգ կներբեռնվի դրա լուսանկարը կամ տեսագրությունը։ Այն դատարան կներկայացվի ըստ պահանջի։ Համակարգը բացառում է դատարան ներկայացված փաստաթղթերը փոփոխելու կամ միջամտության որևէ հնարավորություն:
5. Դատավարական փաստաթղթերը կհամարվեն ստորագրված, իսկ դատարանի պարագայում նաև կնքված, եթե դրանք կազմվել կամ ներկայացվել են Համակարգի միջոցով և վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ։ Ստուգվելու է էլեկտրոնային ստորագրության վավերականությունն ու իսկությունը:
Փետրվարի 1-ին համակարգի միջոցով արդեն ներկայացվել է 182 հայցադիմում: Համակարգի միջոցով դատավորին մակագրվել է 6 հայցադիմում, որից 3-ը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարան, 1-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Տավուշի մարզի, 1-ը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի քաղաքացիական դատարաններ:
Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգին առնչվող հարցերի արագ արձագանքման հեռախոսահամարներն են.
Նախարարության ոլորտը համակարգող աշխատակազմ` 094573037
Դատական դեպարտամենտ համակարգչային բաժին 010511811
Սպասարկող ընկերություն՝ Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս 094578373; 094572979