Ըստ Ալեն Սիմոնյանի՝ նոր ընտրությունների դեպքում ՀՅԴ-ն խորհրդարան չի անցնի
ՔաղաքականԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը բավարար ձայներ չի հավաքի և խորհրդարանում ներկայացվածություն չի ունենա, եթե լինեն նոր ընտրություններ:
Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթին, որով վերջինս իշխանություններին քննադատում էր ՀՅԴ-ին տարբեր մեղադրանքներ ներկայացնելու համար։
Սիմոնյանը նշեց, որ ինքը հարգանքով է վերաբերվում ՀՅԴ-ին, դաշնակցական բազմաթիվ ընկերներ ունի թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: «Բայց դուք եք մսխել Դաշնակցության վարկանիշը: Ի՞նչ եք արել վերջին 30 տարիների ընթացքում Դաշնակցության վարկանիշի հետ։ Ո՞նց ստացվեց այնպես, որ այս գումարման ԱԺ-ի Դաշնակցության կազմն ամենամեծն է՝ այն էլ պատերազմից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո դաշինքի միջոցով: Ո՞նց էր ստացվում, որ Դաշնակցությունն 90-ականներից գնալով մսխեց իր ունեցածը. ձեր գործունեությամբ, վերաիմաստավորեք, քննարկենք Մարտի 1-ից հետո Դաշնակցության պահվածքը՝ բոլոր կառավարությունների հետ կոալիցիա կազմելը, պաշտոններ վերցնելը»,-ասաց նա:
ԱԺ նախագահը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում ևս Դաշնակցությունն իշխանություն էր վերցրել, դրանից որոշ ժամանակ անց ի հայտ եկավ ԼՂ-ի լուծարման մասին փաստաթուղթը:
«Մինչև այն պահը, որ դուք՝ «Հայաստան» դաշինքը չգա, չկանգնի ու չասի, որ այո, արել ենք Մարտի 1, կեղծել ենք ընտրություններ և այլն, և պատասխանը չստանա, Դաշնակցությունը հաջողության չի հասնելու: Եթե նոր ընտրություններ լինեն, ես չգիտեմ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող է շատ քիչ ձայն հավաքի, բայց ես վստահ եմ, որ Դաշնակցությունը նույնպես այդ խնդիրն ունենալու է և չի անցնելու Ազգային ժողով»,-ասաց Ազգային ժողովի նախագահը:
Գառնիկ Դանիելյանն իր ելույթում, պատասխանելով Դաշնակցության, դաշնակցականների վերաբերյալ ԱԺ ամբիոնից արված հայտարարություններին, խորհուրդ էր տվել իշխանականներին պատմությունն ավելի լավ ուսումնասիրել: «Տարիներ ի վեր, չունենալով պետական միավոր, Դաշնակցությունը 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերից հետո ստեղծել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը»,-նշել էր ընդդիմադիր պատգամավորը: