Իմ բոլոր քաղաքական գործողությունները նպատակ են ունեցել այս իշխանություններին Հայաստանի կառավարումից դուրս շպրտելուն. Ուրիխանյան
Քաղաքական«Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանը դեռ նախորդ տարի սեպտեմբերին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, սակայն նրա դիմումը մինչ օրս չի հաստատվել, ու փաստացի նա շարունակում է հանդիսանալ ավագանու անդամ՝ չներկայանալով նիստերին, գրում է ArmLur.am–ը:
Քաղաքային իշխանությունն ընդամենը օրեր առաջ մանդատից զրկեց ավագանու անդամներ Հայկ Մարությանին, Սոնա Աղեկյանին և Նարինե Հայրապետյանին՝ անհարգելի բացակաների և քվեարկություններին չմասնակցելու հիմքով:
Մինչդեռ մյուս խմբակցությունում՝ «Հանրային ձայն»-ում, ևս կան երկու անդամներ՝ Արտակ Գալստյանը և Տիգրան Ուրիխանյանը, որոնք առհասարակ նիստերին չեն մասնակցել, քանի որ Արտակ Գալստյանը կալանքի տակ է, իսկ Ուրիխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված, նա երկրում չէ: Քաղաքային իշխանությունները, սակայն, ձեռնպահ մնացին որևէ քայլ ձեռնարկել «Հանրային ձայն»-ի անդամների նկատմամբ:
Այս առիթով ArmLur.am մի քանի հարց է ուղղել Տիգրան Ուրիխանյանին:
-Պարո՛ն Ուրիխանյան, ինչպե՞ս ստացվեց, որ ձեր նկատմամբ իշխանությունները քմահաճ գտնվեցին ու ձեզ մանդատից չզրկեցին: Ձեզ համար հասկանալի՞ է պատճառը:
-Կարծում եմ, այո, «պրիդուրոկի» իշխանությունը հաշվարկել է, որ հենց մեկ ձայնի տարբերությունը, որով իշխանություն կոչեցյաը պարտվեց մայրաքաղաքում՝ ընդդիմադիր և իբր ընդդիմադիր ուժերին, հիմա այդ մեկ ձայնը չեզոքացված է պահում, ակնհայտ է իրենց շահագրգռվածությունը, բայց դա երկար տեղի չի ունենա, վաղ թե ուշ մանդատն անցելու է այլ մարդու, ոըը և անակնկալներ կմատուցի իշխանությանը, ներկա է գտնվելու նիստերին: Այսինքն՝ ինձ մանդատից չեն զրկում, բայց միևնույն ժամանակ կոչեր հնչեցնելու համար քրեական գործը առկախված պահում են, որպեսզի օգտվեն այդ մեկ ձայնի բացակայությունից:
-Իսկ ավագանու մյուս անդամներին մանդատից զրկելը ձեզ համար ընդունելի՞ էր, այս երևույթին ի՞նչ գնահատական կտաք:
-Շատ վատ եմ վերաբերվում, փառք Աստծո, իմ մանդատն ինձ մոտ է ու այդ մանդատը ներկա չի գտնվել նիստին: Յուրաքանչյուրի մասով առանձին դիրքորոշում կա, տարբեր մարդիկ են: Օրինակ, նախկին քաղաքապետ կա, որը հասարակությանը բաժանեց սևերի ու սպիտակների, մսխեց Երևանի բյուջեն, ես էլ փաստ ունեմ մոտս՝ շինթույլտվության և ավարտական ակտի համար կաշառք տալու վերաբերյալ, եթերներումս բազմիցս խոսել եմ այս մասին, բայց գործ այդպես էլ չի հարուցվել:
-Պարո՛ն Ուրխանյան, դուք ի՞նչ եք պատրաստվում անել, փաստացի, թեև մանդատը վայր դնելու դիմում եք ներկայացրել, բայց դիմումը չի ընդունվել, դուք հանդիսանում եք այս պահին ավագանու անդամ:
-Իմ բոլոր քաղաքական գործողությունները նպատակ են ունեցել այս իշխանություններին Հայաստանի կառավարումից դուրս շպրտելուն, հետևաբար՝ ցանկացած գործողություն, այդ թվում՝ քաղաքի մասշտաբով, կառավարչական կամ այլ, ծառայելու են այդ նպատակին:
Ես նպատակ չեմ ունեցել ավագանու ընտրությունների արդյունքում մասնակցել Երևանի կառավարման, հենց սրանով էլ պայմանավորված է եղել, որ դեռ սեպտեմբերին ես ինքնաբացարկի և մանդատից հրաժարելու դիմում եմ ուղարկել, որը նաև պաշտոնապես հրապարակվել է: