Հաշվեքննիչ պալատի աղմկահարույց բացահայտումները. ԱՆ
ՎերլուծականՀաշվեքննիչ պալատը հանրայնացրել է առողջապահության նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքները: Հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2023 թվականի հունվարի 1-ից 2023 թվականի սեպտեմբերի 30-ն է, իսկ հաշվեքննությունը կատարվել է 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
Ըստ այդմ, պարզվել է, որ նախարարությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունները ձեռք է բերել իրավական-մեթոդաբանական հիմնավորումներ չունեցող գներով: Մեկ այլ կետով Պալատը պարզել է, որ նախարարությունը չի պահպանել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը, համաձայն որի՝ «Կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով»:
Մեկ այլ դրվագով պարզվել է, որ կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ու բուժման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է շուրջ 26.5 մլրդ դրամ։ Հաշվեքննության շրջանակում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հաշվեքննություն իրականացնող խումբը եզրահանգել է, որ համավարակի կանխարգելման և բուժման նպատակով անհրաժեշտ պլանավորման աշխատանքներ չեն իրականացվել, հատկացված ֆինանսավորման համար չեն սահմանվել ծախսային ուղղություններ և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշներ։ Որոշումների կայացման գործընթացում չեն կիրառվել սահմանված հաշվետվողականության մեխանիզմներ։
Պալատը ուսումնասիրել էր նաև առողջապահության նախարարության 2021-ի պետական բյուջեի 9 ամիսների մուտքերն ու ելքերը: Մի շարք միջոցառումների դեպքում հաշվետու ժամանակահատվածի ճշգրտված պլանը զգալիորեն գերազանցել է փաստացի կատարողական ցուցանիշը, ինչը, ըստ Պալատի, հետեւանք է ոչ ճիշտ պլանավորման եւ պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ բաշխման:
Բացի այդ, Անահիտ Ավանեսյանի հրամանով Լ.Ն.-ն (ենթադրվում է, որ խոսքը փոխնախարար Լենա Նանուշյանի մասին է) գործուղվել է Մարտունի, սակայն գործուղման հիմք հանդիսացող փաստաթղթերը բացակայել են, մինչդեռ գործուղումը, դարձյալ համաձայն նախարարի 2021 թվականի մարտի 29-ի հրամանի, պետք է իրականացվեր 2021թ. ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ, սակայն այն իրականացվել է 2021թ. հուլիսի 22-ից մինչեւ հուլիսի 25-ը ներառյալ: Ըստ ՀՊ-ի՝ նախարարությունը կազմակերպությունների կողմից ներկայացված կատարողականների դիմաց վճարումները իրականացրել է ոչ լիարժեք, կամայական սկզբունքով:
Շարունակելի...