ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ
Արտաքին ՔաղաքականՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, բայց հանդես է գալիս այդ երկրների միջև երկարաժամկետ խաղաղության օգտին, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղությունը շատ կարևոր է: Նախօրեին մեր հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, և ես լիովին աջակցում եմ դրան», - ասել է Ստոլտենբերգը Ադրբեջանի պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։
«ՆԱՏՕ-ն միջնորդ չէ ընթացող բանակցություններում (Ադրբեջանի և Հայաստանի միջև - խմբ․), այլ աջակցում է երկարաժամկետ խաղաղությանը, քանի որ դա շատ կարևոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային անվտանգության և կայունության համար»,- ասել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։
«ՆԱՏՕ-ն շատ դաշնակիցներ ունի, և Ադրբեջանը դրանց թվում է: Ի դեպ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի, Ադրբեջանը դուրս է բոլոր ռազմական բլոկներից: Սա ինքնիշխան որոշում է, և մենք հարգում ենք այն»,- ասել է նա: