Ֆրանսիայի, Եգիպտոսի և Հորդանանի ղեկավարներն Իսրայելին նախազգուշացրել են Ռաֆահում ռազմական գործողություն չանցկացնել
ԱշխարհԵգիպտոսի, Հորդանանի և Ֆրանսիայի ղեկավարները նախազգուշացրել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում Իսրայելի ծրագրած ռազմական գործողության լուրջ հետևանքների մասին։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի, Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի և Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլն սպառնում է տարածաշրջանային իրավիճակի սրմամբ։
«Մենք նախազգուշացնում ենք Իսրայելի՝ Ռաֆահ ներխուժման վտանգավոր հետևանքների մասին․ այնտեղ ավելի քան 1,5 միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչներ են ապաստան գտել: Նման հարձակումը միայն կհանգեցնի շատ ավելի մահերի և տառապանքների, կմեծացնի Գազայի հատվածի բնակչության զանգվածային բռնի տեղահանման ռիսկերն ու հետևանքները, ինչպես նաև սպառնում է տարածաշրջանային էսկալացմամբ», - ասված է հայտարարության մեջ։
Աս Սիսին, Աբդալլահ Երկրորդը և Մակրոնը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածի բնակչությանը պատուհասած սովի առնչությամբ, ընդգծել են անհապաղ հրադադարի հասնելու և անկլավին մատակարարվող հումանիտար օգնությունը մեծացնելու հրատապ անհրաժեշտությունը:
Ապրիլի 8-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ չի հրաժարվում Ռաֆահում ռազմական գործողություն իրականացնելու իր ծրագրերից, սակայն չէր նշել ներխուժման կոնկրետ ժամկետները:
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, հասել է 33 207-ի։