Ֆիննախում չգիտեն՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձումից ինչքան գումար է մուտքագրվել պետբյուջե
Ժամանց«Մի քննարկման ժամանակ նախորդ տարի, երբ հարց հնչեցվեց, թե ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված որքա՞ն գումար է եկել պետական բյուջե, պարզվեց, որ պետական բյուջե գումար փոխանցված չէ։ Պետական բյուջե չի գնում, բայց ո՞ւր է գնում։ դա օդում կախված հանգամանք է»,-այս մասին սեպտեմբերի 13-ին 5-րդ ալիքի եթերում հայտարարել է (9:29-ին) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Հարցազրույցից հետո Panorama.am-ը գրավոր հարցումներ ուղղեց ՀՀ կառավարությանը, Ֆինանսների նախարարությանը, գլխավոր դատախազությանը՝ պարզելու.
1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բռնագանձման արդյունքում որքա՞ն գումար է մուտքագրվել պետական բյուջե։ 2024-ի ընթացքում որքա՞ն կազմել բռնագանձման արդյունքում պետական բյուջե մուտքագրված գումարը։
3. Ինչպե՞ս են ծախսվել, ի՞նչ նպատակի են ծառայել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում բյուջե վերադարձված գումարներները։ Խնդրում եմ տեղեկատվությունը տրամադրել ըստ տարիների ու ըստ նպատակի։
4. Կառավարությունում գո՞հ են բռնագանձման ցուցանիշներից։ Եթե ոչ, ինչո՞ւ։
Կառավարությունից հայտնեցին, որ հարցումը վերահասցեագրվել է ֆինանսների նախարարություն։ Գրավոր հարցումից երեք օր անց նախարարությունից պատասխանեցին.
«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ գանձապետարանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում ՀՀ պետական բյուջե ստացված միջոցների առանձնացված հաշիվ չի վարվում: Նշենք նաև, որ գանձապետարանը ՀՀ պետական բյուջե կատարված վճարումների հաշվառում՝ ըստ վճարման նպատակների, չի իրականացնում:
Ուստի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում ՀՀ պետական բյուջե մուտքագրված գումարների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել չենք կարող»։