Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանն ու Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը համագործակցության համաձայնագիր են կնքել
ՔաղաքականՃարտարապետական ժառանգության վերականգնման ոլորտում կարևորելով կրթագիտական զարգացումը՝ Իրանում Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կնքել են «Ճարտարապետական ժառանգության վերականգնման ոլորտում համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման մասին» համագործակցության համաձայնագիր։
«Անփոխարինելի է գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության դերը երկկողմ փոխզարգացման գործում։ Այս ուղղությունները երկու երկրների հարաբերություններում հիմք են երկարատև և կայուն զարգացման հարցում։ Մեր բազմաթիվ քաղաքների և մարզերի համալսարանները հաջողությամբ համագործակցում են Հայաստանի Հանրապետության տարբեր համալսարանների հետ, ինչը հավաստում է Իրանում բուհերի բազմազանության մասին։ Լիահույս ենք, որ ճարտարապետական ժառանգության վերականգնման ոլորտում այս համագործակցությունը կլրացնի հաջողված ծրագրերի շարքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ողջունելով ներկաներին ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Մեհդի Սոբհանին։
Մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի նպատակն է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի միջև խթանել գիտակրթական և հետազոտական համագործակցությունը, ինչպես նաև իրականացնել համատեղ գիտակրթական և հետազոտական նախագծեր։
«Գիտության հիմնասյունը որակյալ կրթության ապահովումն է, ինչը հնարավոր է դառնում իրականացնել նաև միջազգային կրթական ծրագրերի ներդրմամբ և տարբեր զարգացած բուհերի հետ համագործակցության աշխարհագրության ընդլայնմամբ։ Բարձր գնահատելով Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի կրթագիտական ներուժը և Իրանի Իսլամական հանրապետության մշակութային դարավոր ավանդույթները՝ համոզված ենք, որ մեր բուհերի միջև վավերացված մագիստրոսական այս ծրագրի շուրջ համագործակցությունը նոր և հետաքրքիր ծրագրերի խթան կհանդիսանան ճարտարապետության ժառանգության վերականգնման ոլորտում թե՛ կրթական, թե՛ կիրառական առումով»,- վավերացնելով համաձայնագիրը՝ իր խոսքում նշել է ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժ/պ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Մանուկ Բարսեղյանը։
Համագործակցությունը սկիզբ է առել 2021-ից ERASMUS + SAH (կարողությունների զարգացումը ճարտարապետական ժառանգության կայունությունը ապահովելու նպատակով) նախագծի շրջանակներում:
«Մինչ այս համագործակցության պաշտոնապես վավերացումը մենք երկուստեք իրականացրել ենք լայնածավալ, հետաքրքիր աշխատանք, ունեցել ենք երկարատև քննարկումներ, որպեսզի համագործակցությունը լինի կայուն և երկարակյաց։ Ճարտարապետական ժառանգությունը իր մեջ ընդգրկում է և գիտություն և արվեստ, ինչը նշանակում է, որ այս համագործակցությունը լինելու է ավելի խորքային», շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ասաց Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի ռեկտոր, դոկտոր Սաջադ Պաքզադին։