Հայաստանը ցանկանում է հյուրընկալել տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի խաղերը
ՔաղաքականՀայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) գլխավոր քարտուղարի տեղակալ, մրցաշարերի անցկացման բաժնի ղեկավար Հանես Էդերերին՝ քննարկելու Հայաստանում 2025 թվականին տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի անցկացման հնարավորությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը:
Հանես Էդերերը Հայաստան է ժամանել մարզական ենթակառուցվածքների, հյուրանոցային պայմանների գնահատման և կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով: Հայաստանի հավաքականը 2025 թվականին կմասնակցի Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնին, որը կանցկացվի 2025 թվականի ապրիլի 12-20-ը:Առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է 2010 թվականին անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է միջազգային ֆեդերացիայի ներկայացուցչին ու ներկայացրել վերջին տարիներին Հայաստանում մարզաձևի զարգացման միտումները, անդրադարձել ՀՀ կառավարության՝ միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականությանը:Հանես Էդերերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ողջունել ՀՀ թիմի վերադարձն աշխարհի առաջնություն՝ նշելով, որ գնահատելի է նաև Հայաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու ցանկությունը:
Տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանն ընդգծել է՝ տևական դադարից հետո արդեն երրորդ տարին է՝ անցկացվում է Հայաստանի տափօղակով հոկեյի առաջնությունը, ինչը կարևոր պահանջ է միջազգային ֆեդերացիայի կողմից: Հայաստանի հավաքականը տևական ընդմիջումից հետո ելույթները վերսկսել է այս տարվա փետրվարին անցկացված «Երևանյան գիշերներ» միջազգային մրցաշարում: Երևանի «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում 4 թիմերի մասնակցությամբ կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակներ է տարել ռուսական «Օլիմպ», «Արևային արջեր» և «Ռոսպրեսա» թիմերի նկատմամբ և ճանաչվել մրցաշարի հաղթող։«Մեծ ջանքեր գործադրեցինք, ինչի արդյունքում Հայաստանը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ստացավ»,- ասել է Վահրամ Սարգսյանը:
Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, «Գազպրոմ Արմենիայի» ոււսումնասպորտային համալիր՝ ծանոթանալու ենթակառուցվածքային պայմաններին:Աշխարհի առաջնության անցկացման վայրի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի սեպտեմբերի 26-27-ին Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի՝ Հունաստանում կայանալիք կոնգրեսում: